Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն է եղել, կրակոց է հնչել:
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․ «Այսօր՝ ժամը 12։00-ի սահմանում, տեղեկություն է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժնում, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն է եղել։ Ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները»,- նշեց նա։
 
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Վիճաբանություն է սկսվել, որին հաջորդել է կրակոցը: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ և դիմել փախուստի։
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Քարակերտի համայնքապետ Մհեր Հարթենյանն ասաց, որ տեղյակ չէ միջադեպից, ինքն էլ է ժողովրդից լսել այդ մասին․ «Ես Արմավիրում էի, մարզպետարանում, ինձ ասացին վիճաբանություն է եղել։ Ոստիկանության աշխատողներից եմ իմացել։ Թե պատճառն ինչ է՝ չեմ կարող ասել։ Ասացին գործի, աշխատողի հետ է կապված եղել»,- ասաց նա։
 
Հարցին՝ Սափեյան եղբայրներից մեկի նշանակման հետ կապվա՞ծ է վիճաբանությունն առաջացել, համայնքապետը պատասխանեց․ «Չեմ կարող ասել ինչքանո՞վ է ճիշտ այդ տեղեկությունը, ես անձամբ տեղյակ չեմ, լսել եմ ժողովրդից, աշխատողներից, մամուլից։ Իրենք մեզ հետ կապ չունեն։ «Թալին» ՋՕԸ մեզ չի սպասարկում, ընդամենը շենքն է մեր տարածքում»,- նշեց Քարակերտի համայնքապետը։