Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում, և հատկապես 2020-ի բյուջեն խորհրդարան ուղարկելու պահից ի վեր, հաճախ է հիշում այն հեղափոխական փոփոխությունները, որոնք արտացոլվել են 2019-ի բյուջեի ու տնտեսական ցուցանիշների մեջ: Վարչապետը փորձում է համոզել, որ եթե 2019-ի բյուջեն հեղափոխական է եղել, ապա գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը պետք է էլ ավելի հեղափոխական լինի: Սակայն հարց է՝ 2019-ի բյուջեի ո՞ր մասն էր այս իշխանությունների շնորհքը և ո՞ր մասն էր, այսպես ասած, հեղափոխական թիմի աշխատանքի արդյունք:
 
Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, նա միանգամից գցեց ժողովրդի տրամադրությունը՝ ասելով, որ կախարդական փայտիկ չունի, իսկ ի՞նչ արեց Փաշինյանը՝ բարձր պահելով ժողովրդի տրամադրությունը հայտարարեց իր գաղտնի զենքի՝ կախարդական փայտիկի մասին։ Կարապետյանը 7,5 տոկոս տնտեսական աճ էր գրանցում, բայց ժողովրդին ասում էր, որ դուք ձեզ վրա դա կզգաք մեկ տարի անց, իսկ Փաշինյանը 7,5 ն էլ է մսխում, բայց ժողովրդին խոստանում է աշխատավարձի բարձրացում:
 
Վարչապետը նաև շատ է սիրում խոսել հեղափոխությունից հետո ստեղծված 50 հազար աշխատատեղի մասին, բայց այն մանրամասնել սկսել է 2019-ի հունվարը համեմատելով 2018-ի հունվարի հետ: Փաշինյանն ասել է, որ այդ թիվը կարող է ֆանտաստիկա թվալ, բայց այդ ֆանտաստիկան Հայաստանում իրականություն է: Իսկ իրականությունն այն է, որ դրանք հիմնականում ստվերից դուրս եկած աշխատողներն են, որոնք նոր իշխանությունները փորձում են ներկայացնել որպես իրենց կառավարման ընթացքում ստեղծված աշխատատեղեր։ Փաշինյանն իրականում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի տնտեսական հաջողություններն է իրենով անում։ Ահա այս դեպքում է, որ նոր կառավարությունը դեռևս շարժվում է նախկին կառավարության իներցիայով։
 
Կամ ինչպես է ստացվում, որ Իմ քայլի պատգամավորները իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրում են Հայաստանի 2018թ. տնտեսական ցուցանիշները ըստ եռամսյակների, որից երևում է, որ 2018 թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը եղել է 9,9 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 7,4, իսկ հաջորդ եռամսյակներին՝ 2,5 և 3,4: Մինչդեռ մոռանում են հիշեցնել, որ Առաջին եռամսյակում վարչապետը Կարապետյանն էր, երկրորդ եռամսյակում նա զրկվեց վարչապետությունից, և սկսվեց տնտեսական աճի նվազումը, իսկ երրորդ և չորրորդ եռամսյակներում վարչապետն արդեն Նիկոլ Փաշինյանն էր: Այս ցուցանիշներից կարելի է միայն մի եզրակացություն անել՝ որքան լավ կլիներ Հայաստանի համար, եթե Կարեն Կարապետյանը շարունակեր մնալ վարչապետ և որքան ակնհայտ է այն փաստը, որ Կարապետյանի կառուցած տնտեսության իներցիան երկար տևել չի կարող…