Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերթական ուղիղ եթերի ժամանակ խոսելով կորոնավիրուսային համավարակի պայմաններում կարգուկանոն պահպանելու ու պահանջներին չենթարկվելու մասին, հայտարարեց, որ ինքը իշխանության է եկել ժողովրդի հետ զրուցելով, իսկ այսօր հո բիրտ ուժ չի՞ կիրառելու․ «Ես, որ հեղափոխությունով, խոսքով, հաղորդակցությունով Հայաստանի վարչապետ եմ դարձել, հիմա պիտի սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ հա՞ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեք։ Ես ո՞նց անեմ տենց բան։ Ես սովոր չեմ, ես հաղորդակցության ուրիշ կուլտուրայով եմ եկել։ Մենք երկրում փոփոխություններ ենք արել իրար հետ խոսելով, հիմա սա ուզում եք փոխարինենք դուբինկաների պարի հե՞տ»,- ասաց վարչապետը։
Հակառակ Փաշինյանի հայտարարության՝ այսօր համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները մազոխիստական գործողություններ դրսևորում քաղաքացու նկատմամբ դիմակ չկրելու պատճառով։ Անդրադառնալով տեսանյութին՝ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,- նշել է նա։
Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ ոչինչ, առանց վարչապետի գիտության չի լինում, ավելին՝ նույնիսկ ուժային կառույցները գործում են Փաշինյանի հրահանգով։ Նկատի ունենալով Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունները՝ արձանագրենք՝ Փաշինյանի հեղափոխական միտքը փոխվել է։