Վերջին շրջանում շոու բիզնեսից, հասարակական և ֆեյսբուքյան ակտիվիստներից ակտիվ հոսք է սկսվել քաղաքականություն և շատ հաճախ քաղաքկանություն մուտք են գործում այն մարդիկ, որոնք քաղաքական ակտիվությունը սահմանափակվել է ակցիաներով կամ ճանապարհ փակելով։ Այդ մարդկանց ձգտումը դեպի նոր իշխանության կուսակցությունն է։ Նման իրավիճակը հարց է առաջացնում՝ արդյո՞ք այդ մարդկանց քաղաքականություն մուտքը չի կարող բացասական անդրադարձ ունենալ կուսակցության կամ դաշինքի վարկանիշի վրա։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը նկատեց, որ ՔՊ կուսակցության վարկանիշ գոյություն չունի, գոյություն ունի վարչապետի վարկանիշ։
«Այդ կուսակցությունը լիդերային կուսակցություն է, և այնտեղ ամեն ինչ որոշվում է վարչապետի կողմից։ Վարչապետի վարկանիշը հենց սկսի անկում ապրել՝ կուսակցության վարկանիշն անկում կապրի։ Այդտեղ շոու բիզնեսը կամ հասարակական սեկտորը չէ, որ ինչ-որ բան է որոշում․ դա վարչապետն է որոշում»,-ասաց Բադալյանը։
Քաղաքագետը նշեց, որ այդպես միշտ է եղել․ իշխող կուսակցության մեջ մարդիկ մտնել են պաշտոն ստանալու համար։
«Դա գաղտնիք չէ։ Հաշվի առնելով, որ ՔՊ-ի թեկնածուն Երևանի քաղաքապետի ընտրություններում շոու բիզնեսից է, բնականաբար, այդ նույն երևույթը վարակիչ է դեռնում, որը ամբողջ աշխարհում է տարածված»։
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի աղմկահարույց հատարարությանը՝ կապված հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու հետ, Բադալյանը նշեց, որ դա այն տրամադրությունն է, որն իշխում է այդ կուսակցության մեջ։
«Ճիշտ է, վարչապետը նշեց, որ դա այդքան էլ հաջող արտահայտություն չէ, բայց հաշվի առնելով, որ իրենց թեկնածուն քաղաքականապես հասուն գործիչ չէ, նա ներկայացրել է այն տրամադրությունը։ Սև ու սպիտակը մարդկանց արհեստական ընտրության առջև է կանգնեցնում»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Մարությանն իր հայտարարութամբ սևերի մեջ ներառեց նաև երեկվա իրենց դաշնակիցներին, մասնավորապես, «Լույս» դաշինքին։ Փաստորեն, ստացվում է, որ ով իրենց հետ չէ՝ նա սևի մեջ է, այդ թվում՝ նաև Ազգային Կոնգրեսը, որը, ճիշտ է՝ չի մասնակցում ընտրություններին, բայց այն նույնպես երկար ժամանակ պայքարել է Սերժ Սրագսյանի դեմ։ Ստացվում է, որ սևի մեջ են մտնում ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, որոնց հետ իրենք կառավարություն են կազմել․ դա իրենց մեթոդոլոգիան է։ Նրանք 3 գործոն են դրել շրջանառության մեջ՝ հեղափոխական էյֆորիան, վարկանիշը և «սև ու սպիտակը»,-ասաց քաղաքագետը։
Սակայն, ըստ նրա՝ քաղաքական դաշտը, իրականում, սև ու սպիտակի բաժանված չէ։
Հարցին՝ արդյո՞ք Հայկ Մարությանի կողմից սև ու սպիտակ տարբերակումը ընտրություններում ձայներ չի նվազեցնի, քաղաքագետը նկատեց, որ հնարավոր է՝ ինչ-որ չափով ձայներ նվազեցնի, սակայն մարդիկ քվեարկելու են ոչ թե թեկնածուի, այլ կուսակցության ղեկավար հանդիսացող վարչապետի օգտին, որն ունի բարձր վարկանիշ։
«Հասկանալի է նաև, որ ՔՊ-ի թեկնածուի հաղթելու դեպքում վարչապետը նաև փաստացի կառավարելու է նաև Երևան քաղաքը»,-ավելացրեց Բադալյանը։
Ըստ նրա քաղաքապետի ընտորություններում հավանական է անցնեն «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն, «Լույս» դաշինքը և ՀՅԴ-ն։
Արմինե Արմենակյան