ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Կադաստրի նախկին պետ Սարհատ Պետրոսյանի: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ավետիք Էլոյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ նշելով, որ Սարհատ Պետրոսյանից պահանջում են հերքում և ներողություն՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունների համար։
«Մեր պահանջը ներողություն խնդրելն է ու հերքում տարածելը: Մենք կարծում ենք, որ պարոն Պետրոսյանը այնքան ողջամիտ է, որ թույլ չի տա՝ վեճը խորանա», - ասաց Սիրունյանը՝ ավելացնելով, որ առայժմ գումարի պահանջ չի դրվել:
Փաստաբանը գտնում է, որ կառավարությունում աշխատած կամ աշխատող, հատկապես բարձրաստիճան պաշտոնյան, պետք է լինի զուսպ․ «Բողոքի ակցիաների նախկին մասնակից Սարհատ Պետրոսյանը և բարձրաստիճան պատասխանատու պաշտոնատար անձ Սարհատ Պետրոսյանը պետք է իրարից տարբերվեն»,- նշեց փաստաբանը։
Նկատենք, որ իր հարցազրույցում, վերջերս հրաժարական տված Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։
Ըստ Պետրոսյանի հայտարարության, Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է «Eloyan Architects» նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում: Սարհատ Պետրոսյանը հարցազրույցում պնդել էր, որ Էլոյաններին պատկանող «Eloyan Architects»-ն այժմ ներգրավված է մի շարք նախագծային աշխատանքներում՝ ֆուտբոլային համալիրի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի շենքի կառուցման:
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, մեզ հետ զրույցում ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ էր իրականացնում «Eloyan Architects» ընկերությունում: