Երեկ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց պաշտոնից հրաժարական տալու մասին: Վերջինս երկար ու ձիգ պատճառաբանություններ էր ներկայացրել դիմումի վերաբերյալ, որի հիմնական միտքն այն էր, որ չի կիսում «կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում»:
Չնայած պաշտոնից հրաժարված Պետրոսյանի պատճառաբանություններին՝ մամուլում այլ վարկածներ են շրջանառվում: Ըստ դրանցից մեկի՝ Սարհատ Պետրոսյանի հեռանալու իրական պատճառը Քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարներն են, որոնց հետ նրա հակասությունների մասին վաղուց էր հայտնի: Սարհատ Պետրոսյանը նշել էր, որ չի կարողանում հանդուրժել ոլորտում կոռուպցիոն դրսևորումները և, ըստ էության, Քաղաքաշինական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի և նախկին ղեկավար, ներկայումս Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հետ հակասությունը:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ Սարհատ Պետրոսյանն աշխատանքում աչքի չի ընկել վարք ու բարքով և ունեցել է բազմաթիվ՝ ինչպես մանր-մունր, այնպես էլ լուրջ բացթողումներ, որոնց մասին դիտողություններ ու զգուշացումներ է ստացել վերադասից:
Սակայն ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկություններ են հասել, որ Սարհատ Պետրոսյանի հրաժարականը պայմանավորված է իր աներոջ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից ստեղծված «ՎԵՐՆԱՏՈՒՆ» հասարակական–քաղաքական ակումբին միանալու հանգամանքով, որտեղ հավաքվել են ընդդիմադիր գործիչները: Վազգեն Մանուկյանը փորձում է նոր իշխանությունից նեղացածների և նախկին իշխանությունների միջև կոնսոլիդացիա ստեղծել, փեսան ևս որոշել է ներգրավվել աներոջ թիմում ու գործել ընդդիմադիր հարթակում:
Նկատենք, որ տարիներ շարունակ Սարհատ Պետրոսյանի հաջողությունները շատ հաճախ կապում էին նաև Վազգեն Մանուկյանի փեսան լինելու հանգամանքի հետ:
Սոնա Հարությունյան