«Ռեստարտ»-ի թիմը հայտարարել է նոր նախաձեռնության մեկնարկի մասին, որի նպատակը դատական համակարգի ռեֆորմներն արագացնելն է: Բացի դատական համակարգից, ռեստարտցիներին հանգիստ չի տալիս նաև այն հանգամանքը, որ ուժային կառույցները՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, չեն կատարում իրենց առջև դրված նախաձեռնությունը: Տարակուսելին այս ողջ պատմության մեջ այն չէ, որ ռեստարտցիները խոսել են, այլ այն, որ խոսել են հիմա: Մինչդեռ կրթական բարեփոխումների հարցի վրա մասնագիտացած երիտասարդների խոսելը շատ ավելի տեղին կլիներ, երբ օրվա օրակագային հարցը հենց կրթական բարեփոխումներն էին:
 
Այն ժամանակ, սակայն, «Ռեստարտ»-ը լռել է: Պետք է նաև նշել, որ այն 20 հազար դոլարը, որն այս երիտասարդները ստացել են Սորոսի հիմնադրամից և որոնց մասին հպարտորեն հայտարարում են, տրվել է նրանց հենց կրթական ոլորտում բարեփոխումներին աջակցելու և ոչ թե ԱԱԾ շենքի դիմաց ցույց կազմակերպելու նպատակով: Իսկ գուցե՞ նպատակները փոխվել են…
 
Ակնհայտ է, որ սորոսականների մոտ վերջին ամիսներին տեղի է ունենում, այսպես ասած, ուժերի մոբիլիզացիա: Բացի «Ռեստարտ»-ից, բազմաթիվ այլ ՀԿ-ներ, անգամ մարզային հեռուստաընկերություններ, վերջին ամիսներին Սորոսի հիմնադրամից կլոր գումարներ են ստացել՝ դատական համակարգի բարեփոխումների շուրջ քննարկումներ ծավալելու համար: Այս աժիոտաժը կարող է ունենալ երկու բացատրություն: Կամ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ դատական համակարգը տեղի չի տալիս, որ ուժայինները դեռևս դիմանում են պրեսինգին և իր տոտալ վերահսկողության տակ չեն, փորձում է սորոսականներին մոբիլիզացնելով ստանալ այդ վերահսկողությունը:
 
Սակայն, կա նաև այլ տարբերակ. այն, որ սորոսականները չեն էլ թաքցնում իրենց ամբիցիաները և նպատակները, իսկ նպատակը ԱԱԾ և ոստիկանության ղեկավարությունը ստանձնելն է: Սա փաստացի մեսիջ է Նիկոլ Փաշինյանին, որ իրենք կարող են էականորեն խանգարել Փաշինյանին, եթե չստանան այդքան բաղձալի պաշտոնները: Նման մոբիլիզացիայի նպատակներից մեկն էլ կարող է լինել ԺՊ-ի դիրքում սորոսականների համար ցանկալի անձանց նշանակման արագացումը…