Մոսկվայում այսօր կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանն ընդառաջ՝ նկատելիորեն ակտիվացել է սորոսական թևը, որը, կարծես թե, հանդիպման արդյունքների հետ կապված որոշակի մտավախություններ ունի:
Երկու օր առաջ Հայաստանում գրանցված անխտի բոլոր սորոսական ՀԿ-ները բաց նամակով դիմել էին ՀՀ իշխանություններին ՝ պահանջելով գաղտնազերծել այն օրակարգը, որով Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա: ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ իշխանությունները տեղեկատվական բլոկադայի են ենթարկում հանրությանը, բացի այդ՝ մեծ չափաբաժնով ապատեղեկատվություն են տարածում: Որքան էլ, որ զավեշտալի է լսել նման մեղադրանքներ սորոսական ՀԿ-ի կողմից, այնուամենայնիվ պետք է հասկանալ, թե իրականում որն է նման կոլեկտիվ հայտարարությամբ հանդես գալու իրական նպատակն ու պատճառը:
Հայտարարությամբ, ի դեպ, սորոսականները չեն սահմանափակվել և հաջորդող օրերին իրենց հայտարարություններում և գրառումներում գաղտնազերծում էին Մոսկովյան հանդիպման օրակարգը: Օրինակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ Մոսկվայում Փաշինյանը կարող է քննարկել տարածքային նոր զիջումների դիմաց գերիներին վերադարձնելու հարցը, չմոռանալով նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իմպլեմենտացիան ՌԴ համար պատվի հարց է, այսինքն՝ Փաշինյանի վրա կարող են նաև ճնշումներ լինել:
Ըստ էության, սորոսականներին հուզում է ոչ այնքան այն հանգամանքը, որ Մոսկվայում Փաշինյանը կարող է հակապետական փաստաթուղթ ստորագրել, այլ այն, որ այդ ստրագրությամբ կարող է բազմակի անգամ ուժեղացվել ՌԴ դերը տարածաշրջանում: Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր նաև այն վարկածը, որ Փաշինյանը պատրաստ է համաձայնել նաև Մինսկի խմբի ֆորմատի փոփոխությանը: Սա նշանակում է, որ Արևմուտքը դուրս է մնալու գործընթացից կորցնելով ազդեցության լրջագույն լծակները: Այդ իսկ պատճառով սորոսական ՀԿ-ը մեսիջ են հղում Փաշինյանին առ այն, որ վերջինս Մոսկվայում ՌԴ դիքերը ուժեղացնող փաստաթուղթ ստորագրելու պարագայում կարող է զրկվել Արևմուտքի աջակցությունից: Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա նա այսօր հայտնվել է երկու քարի արանքում: Ռուսական կողմն էլ իր հերթին Փաշինյանից երաշխիքներ է ցանկանում ստանալ, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո վերջինս չի վերսկսի իր պրոարևմտյան գիծը՝ ակտիվացնելով հակառուսական քաղաքականությունը, իսկ նման քայլեր մենք արդեն իսկ նկատում ենք: Փաշինյանի հանդեպ անվստահությունը երկու կողմերի համար էլ ունի օբյեկտիվ հիմքեր, քանի որ ՀՀ վարչապետը շուրջ երեք տարի շարունակ քցել է մերթ արևմուտքին, մերթ ՌԴ-ին՝ փորձելով պահպանել իշխանությունը: Իսկ այսօր իշխանության պահպանման հարցը Փաշինյանի համար ընդհանրապես դարձել է օրակարգի թիվ մեկ՝ ամենակարևոր խնդիրը…