Այսօր մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ Տիգրան Ավինյանը կարող է նշանակվել Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի տնօրեն: Քիչ անց, այլ աղբյուրներ հղում անելով Ավինյանի մերձավոր շրջապատին, գրեցին, որ Ավինյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Նմանատիպ լուրերի տարածումը կարող է հետապնդել երկու նպատակ՝ կա՛մ իշխանությունները զոնդաժ են անում՝ հասկանալու համար, թե նախկին իշխանությունների բարքերի վերարտադրությանը, հին բիզնես էլիտան՝ նորով, յուրայիններով փոխարինելու ցանկությանը հասարակությունը ինչ արձագանք կտա, կա՛մ այս լուրերը տարածում է հենց Ավինյանի մերձավոր շրջապատը, ինչը նույնպես բացառված չէ` հաշվի առնելով, որ կայքերը հղում են արել հենց նրանց:
Սակայն ի՞նչ նպատակ կարող է հետապնդել Ավինյանը: Չի բացառվում, որ սա կարող է մեսիջ լինել Փաշինյանին, որպեսզի Ավինյանին քաղաքական կյանքի լուսանցքում թողնելու դիմաց փոխհատուցում տրվի: Երկու վարկածն էլ կյանքի իրավունք ունեն՝ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ Փաշինյանի համար գերխնդիր է դարձել լոյալ և ինֆորմացիայի տիրապետող ՔՊ-ականներին ամեն գնով պահել իր շուրջ և թույլ չտալ նրանց անցնել հակառակորդի ճամբար: