Ոստիկանության 6-րդ վարչությունը փաստաբան Վահե Դանիելյանին արգելել է տեսակցել իր վստահորդին, որն այսօր բերման է ենթարկվել: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում փաստաբան Վահե Դանիելյանն ասաց, որ արդեն հեռացել է այնտեղից, սակայն մի քանի ժամ շարունակ ինքը անձի հարազատների հետ միասին եղել է 6-րդ վարչության շենքի դիմաց, սակայն իրեն թույլ չեն տվել մուտք գործել ներս և իրավական աջակցություն ցույց տալ իր վստահորդին։
Փաստաբանի խոսքով՝ թե՛ ինքը, թե՛ հարազատները այդպես էլ չեն կարողացել տեղեկանալ, թե ինչու է բերման ենթարկվել անձը։
Հարցին, թե ի՞նչ պատճառաբանությամբ են արգելել տեսնել վստահորդին՝ փաստաբանը պատասխանեց․ «Ասում էին, թե անձը չի ցանկանում փաստաբանի ծառայությունից օգտվել և փաստաբանի կարիք չունի։ Իրենց գործողությունն իրավաչափ համարել չենք կարող, որովհետև, եթե անձը չի ցանկանում, ապա պետք է փաստաբանի ներկայությամբ ասի։ Ես ինչպես կարող եմ վստահ լինել, եթե իրենից չեմ լսել։ Իրավապահ մարմիններում երբեք նման խնդիր չի առաջացել, մշտապես օբյեկտից և օպերատիվ ձևով գործել են և չեն խոչընդոտել։ 6-րդ վարչությունում, չգիտես ինչու, նման խնդիր առաջացավ»,- ասաց Դանիելյանը:
Նա նշեց, որ ինքն ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որի ներկայացուցիչները եկել և փորձել են կարգավորել խնդիրը․ «ՄԻՊ-ի ներկայացուցիչներին անձը փոխանցել էր, որ փաստաբանի կարիք չունի, դրանից հետո ես հեռացել եմ այնտեղից»,- նշեց Դանիելյանը։