Ադրբեջանում որոշում է կայացվել ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել: Բաքվում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում էլ ընդունվել է խորհրդարանը ցրելու որոշումը:
Որոշումը խորհրդարանի օրակարգ կբերվի նոյեմբերի 29-ին: Իշխող կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում ։
Ինչպես հաղորդում է Regionmonitor-ը, որպես խորհրդարանը ցրելու հիմնավորում նշվել է, որ գործող խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը համահունչ չի գործում և հետ է մնում երկրում անցկացվող բարեփոխումներից: Հատկանշական է, որ իշխող կուսակցության նիստի մասին նախօրոք հայտարարված չի եղել, այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:
Ադրբեջանում խորհրդարանը ընտրվում է 5 տարի ժամկետով: Վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015թ. նոյեմբերի 1-ին: Հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենար 2020թ. նոյեմբերին: