Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչները դժգոհում են, որ զրկվել են իրենց հողատարածքներից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժած բնակիչ Վրեժ Մկրտչյանը:
«Մի քանի տարի առաջ Տաթևի ճոպանուղին կառուցելու համար տարածքը գերակա շահ էր ճանաչվել: Ընկերությունը, որը կառուցում էր ճոպանուղին, վերցրեց նաև ներքևի մասի հողատարածքը: Մի քանի գյուղացիներով ընդդիմացանք ու որոշեցինք, որ իրենց առաջարկած չնչին գումարով չենք վաճառի մեր հողերը: Պատկերացրեք, որ մեկ քառակուսի մետրի համար առաջարկում էին 80 դրամ: Ընդհանուր տարածքը 11 հեկտար է և մոտավորապես կեսը վաճառվել է»,-ասաց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ մինչև այժմ այդ տարածքում ոչ մի շինարարություն չի իրականացվել. «Ես այս տարի հողի հարկ եմ վճարել ու չգիտեմ՝ ինչպես է ստացվել, որ այդ հողատարածքը այլ սեփականատեր ունի: Երկար ժամանակ մեզ ասում էին, որ տարածքը վիճելի է, իսկ հիմա պարզվեց, որ ինձնից բացի, այլ սեփականատեր էլ կա»:
Ավելի ուշ նրան ասել են, որ հողը վաճառվել է և իր հասանելի գումարը բանկում է: Մինչդեռ տուժած քաղաքացին նշում է, որ իրեն ոչ թե գումարն է պետք, այլ՝ հողը:
Մենք զրուցեցինք նաև Մկրտչյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի հետ: Վերջինս մեզ հայտնեց, որ հանրապետական մակարդակով դատը պարտվել են, բայց հիմա գործը Եվրոպական դատարանում է.«Ընդհանուր սեփականատերերը 12 հոգի են եղել, որոնցից միայն 3-ն են, որ չեն համաձայնել վաճառել իրենց հողատարածքները: Մոտավոր հաշվարկով յուրաքանչյուր սեփականատերի հատկացրել են 200-400 հազար դրամ: Ինչը, բնականաբար, շատ քիչ գումար է: Գյուղացիներն ամեն տարի այդքան գումար իրենց բերքի վաճառքից են ստացել»:
Փաստաբանի խոսքով, այս տարիների հողի հարկն ու տարածքի շահագործումը իր վստահորդների կողմից է իրականցվել:
«Այդ տարածքում ոչինչ չի կառուցվել, այսինքն՝ կառավարությունը անհիմն կերպով վերցրել է հողը, հանձնել ճոպանուղու շինարարությունն իրականացնողին: Իսկ այս ամենը սեփականության իրավունքի խախտում է»,- ընդգծեց փաստաբանը: