ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ձեւացնելով, որ իրեն վատ է զգում, խնդրել է հսկիչին օգնություն ցուցաբերել, որից հետո անսպասելիորեն դուրս է վազել խցից եւ մտնելով նույն մասնաշենքի մեկ այլ կալանավորի խուց, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս, սակայն հանդիպելով հսկիչների դիմադրությանը՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: