ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գ.Գևորգյանի կողմից վերջին շրջանում իրականացվում են ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը խոչընդոտող գործողություններ, որոնց նպատակն է վերացնել ԵՊՀ-ում առկա սոցիալական գործընկերության և աշխատողների իրավունքների առկա մեխանիզմները: Գևորգյանը ցանկանում է նաև 30 հոգու աշխատանքից ազատել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արհեստակցական միության նախագահ Արմեն Ավետիսյանը:
Նա պատմեց, որ ռեկտորի ԺՊ-ն, տեսնելով, որ կոլեկտիվ պայմանագրի խզումը կասեցվել է դատարանի կողմից, որոշել է արհմիության գործունեությանը խոչընդոտող նոր անընդունելի քայլերի դիմել: Վերջին օրերին ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և այլ աշխատողներ, առ այն, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից. «Այս մոտեցումը ապօրինի է և հակասում է ՀՀ սահմանադրությանը և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքին: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ռեկտորի ԺՊ-ն և իր ներկայացուցիչները, կիրառելով տարբեր վարչական լծակներ մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում' որոշ դեկանների հանդեպ, փորձում են նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն արհմիության անդամությունից»:
Ըստ Ավետիսյանի՝ ռեկտորի ԺՊ-ի և նրա ներկայացուցիչների այս գործողություները ունի մեկ նպատակ. «ԵՊՀ աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ և անաղմուկ, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և արհմիության համաձայնությունն անհրաժեշտ պայման չէ, իսկ արհմիության անդամ հանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում անհրաժեշտ է ստանալ արհմիության գրավոր նախնական համաձայնությունը, այն չստանալու դեպքում՝ անհնար կդառանա աշխատողին աշխատանքից ազատելը»: