Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի կառավարության առաջարկության նախագիծը, որով նախատեսվում է խստացնել ծառերի, թփերի բուսածածկի ապօրինի հատումը, և հանցագործության համար նախատեսված պատիժը, մասնավորապես կալանք պատժատեսակը փոխարինել ազատազրկում պատժատեսակին։
Նախագիծը ներկայացնելիս Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ քրեական պատիժը հանցավորության դեմ պայքարի գլխավոր միջոցը չէ. այն ունի երկրորդային դեր։
«Նախագծին կողմ լինելով՝ մենք մի քանի առաջարկությունն և դիտողությունն ունենք. առաջինը վերբերում է նախագծի հիմնավորմանը, որտեղ նշված է, որ առավել խիստ պատիժը կզսպի հանցագործության կատարումը և կնպաստի հանցագործության դինամիկայի աճի նվազմանը։ Պատժի նպատակի իրականացման համար առավել արդյունավետ են պատժի անխուսափելիությունը, պետության կողմից այն ժամանակին կիրառելը, քան պատժի խստությունը»,-նշեց փոխնախարարը՝ ավելացնելով՝ կարևոր է ունենալ այդ պատժի հստակ աստիճանակարգային դասավորվածություն։
«Եթե կա տուգանք, կա՝ կալանավորում, և նույն հոդվածի խստացված մասում կա կալանք։ Դա նշանակում է՝ չենք կարող առաջին մասում կալանքից հրաժարվել և խիստ պատիժ սահամանել ազատազրկումը»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա առաջարկում է՝ պահպանվի կալանք և ներառվի ազատազրկում պատժատեսակը։ Իսկ նախագծի հեղինակին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և համագործակցել կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծով հանդես գալու նպատակով, քանի որ վարչապետի աշխատակազմում քննարկման է դրված Բնապահպանության նախարարության կողմից դրված նախագիծը։