Այսօր կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող ընթացակարգով հարց էր ընդգրկված, որով ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Վարդան Վարդանյանը առաջարկում էին փոփոխություն կատարել քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածում։ Սա վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր չվճարելուն։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ԲՀԿ պատգամավորները այս նախաձեռնությամբ փորձում են Սերգեյ Բագրատյանի հիմնադրմամբ ու մասնակցությամբ ստեղծված ընկերությունն ազատել քրեական պատասխանատվությունից:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը թեմայի վերաբերյալ զրուցել է ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:
«Փոքր և միջին բիզնեսը հաճախ ճնշման է ենթարկվում, որովհետև ՊԵԿ-ն ունի գործիք, որի միջոցով տարբեր փոքր ու միջին ձեռնարկությունների դժվար վիճակի մեջ է դնում: Ըստ այդ գործիքի' չորս մլն դրամից ավել վարկային պարտավորությունը ժամանակին չմարելու դեպքում, կարող է քրեական գործ հարուցվել: Այս գործիքը ՊԵԿ-ի ձեռքին ծառայում է որպես վախեցնող մահակ»:
Հարցին, արդյոք իր նպատակին չի ծառայում օրենքը, պատգամավորը պատասխանեց' ոչ: «Մենք այս կարծիքի համար ունենք փաստեր: Մեր հարցումներին ի պատասխան՝ ՊԵԿ-ն ու Արդարադատության նախարարությունը պատասխանել են, որ այդ հոդվածով ոչ մի դատական վճիռ չի կայացվել: Այսինքն, այս հոդվածը չի ծառայում իր նպատակին»:
Բագրատյանի պնդմամբ՝ ՊԵԿ-ի նպատակը փոքր ու միջին բիզնեսին վախեցնելը չպիտի լինի: «Մենք մեր առաջարկած փոփոխությունը քննարկել ենք մի քանի փուլով, որոշել ենք առաջարկել բարձրացնել շեմը և 4-ից 15 միլիոն դրամի հասցնել, որ օրենքը վերաբերի խոշոր բիզնեսներին, որովհետև խոշորների դեպքում է ռիսկը մեծ հարկերի չվճարման»:
Հարցին, թե այս դեպքում ուրիշ ինչ մեխանիզմով օրենքի առաջ պետք է կանգնեցնել հարկերի վճարումներն ուշացրած փոքր ու միջին բիզնեսմեններին, Բագրատյանը պատասխանեց ' հղում անելով Վարչական դատարանի լիազորություններին: «Եթե տնտեսվարող սուբյեկտը ինչ-ինչ խնդիրներ է ունեցել և ժամանակին չի վճարել հարկերը, Վարչական դատարանը դա կարող է քննարկել, համապատասխան ժամանակացույց տրամադրել և չստիպել մարդկանց, որ վերջին ունեցվածքը վաճառեն՝ քրեական գործից խուսափելու համար»:
Անդրադարձանք այն լուրին, թե այս նախաձեռնությամբ իրենք փորձում են Բագրատյանի հիմնադրմամբ ու մասնակցությամբ ստեղծված «ԲիԷսԲի» ընկերությունն ազատել քրեական պատասխանատվությունից: Մեջբերեցինք նաև, որ ըստ տեղեկությունների՝ ներկայում քննչական մարմիններից մեկի վարույթում է գտնվում «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից (որի հիմնադիրը Սերգեյ Բագրատյանն է) հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու, ինչպես նաև այդ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոչոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու (Օրենսգրքի 205-րդ հոդված) դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Բագրատյանը հերքեց այս լուրերը:
«Չկա նման բան, այդ ընկերությունում ես 1.1 տոկոս մասնաբաժին ունեմ: Ընկերությունը վաղուց նախկին ռեժիմի ճնշումների պատճառով դադարեցրել է գործունեությունը: Այս փոփոխության գնալը ոչ մի կապ չունի այդ գործի հետ: Քրեական գործն էլ վաղուց չկա»:
Իսկ թե ինչու հենց այս ժամանակահատվածում առաջ քաշեցին փոփոխությունը, Բագրատյանն ասաց. «Մենք երեք անգամ քննարկել ենք արդեն կառավարության հետ, մեզ ասում էին դեռ վաղ է, սպասեք, կառավարությունը կբերի համապարփակ հարկային օրենսգիրք, որում կլինի այդ փոփոխությունը: Մենք սպասեցինք մինչև տարեվերջ, փոփոխությունը չբերվեց, որոշեցինք ինքներս նախաձեռնել, թող սա էլ ընդգրկեն հարկային օրենսգրքի փոփոխությունների մեջ»:
Բագրատյանը, եզրափակելով խոսքն, ասաց, որ կառավարության եզրակացությունը դեռ պարզ չէ, հույս հայտնեց, որ կառավարությունը կիսում է իրենց մտահոգությունը և դրական եզրակացություն կտա:
Աիդա Կիրակոսյան