Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 5 դեռահասի, ովքեր կասկածվում են բողոքի ցույցերի ժամանակ փողոցում տարեց հավաքարարի սպանության մեջ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում են Հոնկոնգի ոստիկանությունից:
Ձերբակալվածների թվում երեք տղա է և 2 աղջիկ, բոլորը 15-18 տարեկան են: Բացի սպանությունից, նրանց մեղադրում են նաև անկարգությունների մասնակցելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ բողոքի ցույցերի ժամանակ, երբ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ տարեց մի մարդու գլխին աղյուսով հարվածել են և նա կորցրել է գիտակցությունը: Տուժողը 70-ամյա հավաքարար էր, ով դուրս էր եկել ընդմիջման և որոշել էր հեռախոսով նկարել ցույցը: Հենց այդ ժամանակ էլ նրան մահացու վիրավորել էին:
Տղամարդուն հաջողվել էր օպերատիվ կերպով հասցնել հիվանդանոց, սակայն ստացված վնասվածքներից նա մահացել էր:
Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Լայնածավալ բողոքի ակցիաներից հետո Հոնկոնգի իշխանությունները զիջումների գնացին և հոկտեմբերի սկզբին օրինագիծն ամբողջությամբ հետ էր կանչվել: Կես տարվա ընթացքում Հոնկոնգում անց է կացվել ավելի քան 900 ցույց, բողոքի ակցիա, և այդ ընթացքում ավելի քան 5.8 հազար մարդ ձերբակալվել էր, տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել ակցիայի 932 մասնակցի: