Նորածինների ապօրինի որդեգրման գործով երեկ ձերբակալված Ռազմիկ Աբրահամյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին «Հայկական ժամանակը»-ի հարցին ի պատասխան՝ նշեց նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը։
«Ձերբակալումից հետո իմ պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է, բավականին, ծայրաստիճան ծանր վիճակով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այժմ գտնվում է սրտանոթային բաժնի ռեանիմացիայում»,- ասաց նա: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանը հավելեց. «ճնշումը, շաքարն այնքան են բարձրացել, որ իրեն ադեկվատ չի զգում»։
Պաշտպանի խոսքով՝ Աբրահամյանն ունի սրտային անբավարարություն, նրա մոտ եղել է ինսուլտային վիճակ, շաքարի բարձրացում, ճնշումը հասել է 200-ի. «Բավականին ծանր վիճակում է. ես մտածում եմ՝ եթե նրան շարունակեն անազատության մեջ պահել, 76 տարեկան մարդը դժվար թե այդ պայմաններում կարողանա ապրել»։
Հիշեցնենք, որ երեկ բացի Ռազմիկ Աբրահամյանից՝ ձերբակալվել են նաեւ «Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԿԱ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը եւ եւս մեկ անձ, որի ինքնությունը դեռ հայտնի չէ:
Նրանք կասկածվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար: