SHAMSHYAN.com-ը երեկ՝ հունվարի 1-ին, տեղեկություն էր հրապարակել Տավուշի մարզում 38-ամյա պայմանագրային զինծառայողի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի փաստով։ Ոստիկանության Ճամբարակի բաժնի նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Տավուշի բաժին, և Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Թթուջուր-Իջևան-Բերդ ճանապարհի խաչմերուկում Կարտուշ Օհանյանին պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենան վարել է 39-ամյա Նարեկ Մելիքյանը։

Ավտոմեքենայի մեջ եղել են ուղևորներ՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներ, 46-ամյա Ջիվան Միրազախանյանը, 23-ամյա Ռոման Ուսինյանը և 42-ամյա Կամո Առաքելյանը։ Ընթացքի ժամանակ Ջ. Միրզախանյանը իր ձեռքի «Իժ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով անզգուշաբար կրակել է Կ. Օհանյանի ոտքին՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ այս անգամ ոստիկանության Տավուշի բաժնի հետքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Ճամբարակի բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։