Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը:
Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
«Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել' քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամադրվել են վերջիններիս' ծանոթանալու համար»,- ասացին ՀՔԾ-ից:
Քրեական գործով կա ևս 5 մեղադրյալ, այդ թվում՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։
Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության' Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը։