ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը տեղեկություններ չունի, թե ինչ փաստերի մասին է խոսքը, որոնք վկայում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից վարչապետի ընտանիքի անդամներին վարկաբեկող տեղեկություններ տարածելու փաստը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշել է Հրաչյա Հակոբյանը:

Երեկ «Հայկական ժամանակը» տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է  իրականացրել:

«Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ փաստերի մասին է խոսքը, սպասենք հրապարակեն, տեսնենք: Կան կասկածներ, որ այդ տեղեկությունների հավաքագրումը եղել է հենց Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում, թե երբ է արշավը սկսվել, դա դեռ պետք է պարզվի»,- ասել է նա։

-Ինչո՞ւ Արթուր Վանեցյանը նման քայլի պետք է գնար:

 – Հոդվածից մոտավորապես հասկանում ենք, թե ինչու: ՀԺ-ի հոդվածով հանրությունը իմացավ, թե որն էր Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառը: Այս հոդվածով այդ հարցերի պատասխանը մակերեսորեն գոնե ստացանք:

– Պաշտոնանկության պատճառը դա՞ էր (Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի մասին կեղծ տեղեկություն տարածել):

– Կարծում եմ՝ քիչ պատճառ չէ: Դա պատճառներից մեկն է: Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը:

 

-Այսինքն՝ իշխանությունները գիտեի՞ն, որ Արթուր Վանեցյանը փորձում է պետական հեղաշրջման փորձ անել:

 – Ես դա չգիտեմ, ես հղումն անում եմ հոդվածին:

– Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հարաբերությունները լարվեցին:

-Էլի նյութին պետք է հղում անեմ, որ Վանեցյանի մանկության ընկեր Արա Սաղաթելյանը համոզել է նրան, որ դու այլևս ավելի բարձր վարկանիշ ունես, քան Նիկոլ Փաշինյանը, և կարող ես հայտ ներկայացնել քաղաքականություն մտնելու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում