ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գազի սակագնի հնարավոր թանկացմանը՝ մասնավորապես նշելով, որ գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի թանկանա։ Նաև նշեց, որ ՀՀ տարածքում գազի անվտանգ, անխափան և արդյունավետ մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։

«Այդ ներդրումների թեման բավականին քննարկվող և քննարկվելիք թեմա է, և հնարավոր է, որ դրա հետ կապված «Գազպրոմ Արմենիան» նոր ասելիքներ ունենա, և այդ դեպքում այդ հարցը բաց և թափանցիկ կքննարկվի»,- ընդգծեց փոխվարչապետը։

Գրիգորյանի հայտարարության, ինչպես նաև գազի սակագնի հնարավոր թանկացման մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

«Փոխվարչապետի հայտարարությունը նորություն չէ: Նա մի քանի ամիս առաջ նորից նույն հայտարարությունն արել էր, բայց դա հարցի լուծում չէ, քանի որ այս ընթացքում մենք կշարունակենք պարտք կուտակել: 2019թ. հունվարի 1-ից հետո 1000 խմ հաշվով 15 դոլար պարտք ենք կուտակում: Ընդհանուր առմամբ, 2019 թվականի ընթացքում մենք կուտակեցինք մոտ 30մլն դոլար պարտք և 2020 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին դարձյալ կշարունակենք պարտք կուտակել»,-ասաց նա:

Տնտեսագետի պնդմամբ՝ բիզնեսի տեսակետից նվազագույնը մեկ տարի է պետք բիզնես պլան, ծախսային ծրագիր մշակելու համար. «Այլ կերպ ասած՝ եթե մենք ուզում ենք, որ ներդրումներ արվեն Հայաստանում, բիզնեսմենը գոնե մեկ տարվա կանխատեսելի գազի, էլեկտրաէներգիայի սակագին պետք է իմանա»: 

Պարսյանի խոսքով՝ հենց սա բացասական ազդակ է ներդրողների համար, քանի որ նրանք չեն կարող կանխատեսել, թե 3 ամիս անց ՀՀ-ում գազի սակագինը որքան կլինի:

«Պետք է հնարավորինս արագ մեր հանրությանը և բիզնեսին տրամադրվի տեղեկատվություն գազի մոտավոր սակագնի մասին: Չի կարելի սակագնի որոշումը հետաձգել կամ ձգձգել քաղաքական պատճառներով, քանի որ դա լուրջ տնտեսական հետևանքներ կառաջացնի մեր գազամատակարարաման համակարգում»,-նշեց նա:

Տնտեսագետը շեշտեց, որ սակագնի հնարավոր բարձրացումը կապել ներդրումների հետ այնքան էլ ճիշտ չէ, քանի որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այս կամ այն ձևով պարտավորված է ներդրումներ իրականացնել:

«Ուզում եմ շեշտել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը որևէ ներդրում չի կատարում կորուստների կրճատման ուղղությամբ, որն իր պարտավորություններից մեկն է: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն՝ պարտավոր է կատարել ներդրումներ ամեն տարի՝ առանձին ուղղություններով: Սա սակագնի հետ կապված չէ: Սրանք առանձին գործընթացներ են, որը կառավարությունը փորձում է կապել իրեն»,-ասաց Պարսյանը:

Լուսինե Մարդոյան