ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզան Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր անօրինական ճանաչեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանի հեռախոսային խոսակցությունները վերծանելու վերաբերյալ դատարանի որոշումը:
Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ինքը՝ Մանուկյանը՝ ընդգծելով, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, մինչեւ վերջ գնաց իր մասնագիտության հետեւից. «Ինչպես գիտեք, 2019 թվականին մենք հրապարակեցինք Մարտի 1-ի գործով պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի եւ այլ ցուցմունքներ, ինչից հետո Հատուկ քննչական ծառայությունը հարուցեց քրեական գործ: Քննիչը, ինձ հրավիրելով հարցաքննության, հարցրեց, թե ով է տվել այդ ցուցմունքները, սակայն մենք, ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, մեր աղբյուրը չբացահայտեցինք»:
Խմբագրի խոսքով՝ երկրորդ անգամ հարցաքննության կանչելիս քննիչն իրեն տեղեկացրեց, որ դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, եւ դատավոր Դավիթ Գրիգորյանը թույլատրել է վերծանել իր հեռախոսային խոսակցությունները. «Վերծանումները ստանալուց հետո ինձ կանչում են, տալիս երկու անձի անուն եւ հարցնում, թե նրանցից կոնկրետ ով է տրամադրել ինձ ցուցմունքները, ինչը անել ես դարձյալ հրաժարավում եմ»:
Քնար Մանուկյանը, ստանալով դատարանի այդ որոշումը, բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ, փաստորեն, այսօր բավարարեց բողոքը: Մանուկյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ ինքը ներկայացրել է իրավիճակը, ասել, որ ՀՔԾ-ն աղբյուրներ է բացահայտում, եւ վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ ամեն ինչ օրինականության դաշտում է. «Ես վարչապետին ասացի, որ հենց ադ ճանապարով էլ գնում եմ, եւ այժմ ուզում եմ նրան խնդրել, որ ինքը անձամբ իրավապահ մարմինների այս անօրինական գործողություններին համապատասխան խիստ պատիժ-գնահատական տա: Այս անօրինականության համար պատասխան են տալու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը»,-ասաց օրաթերթի խմբագիրը՝ հավելելով, որ հետագա գործողությունների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանն էլ լրագրողներին հայտնեց, որ լրագրողի գործունեությանն առնչվող հարցի վերաբերյալ ՄԻՊ-ում վարույթ է հարուցվել: