Գրիչի հետ կապված պատմության մեջ Փաշինյանը զոհ է գնացել քաղաքավարությանը և գրիչը չի դրել աթոռին կամ սեղանին, այլ վերցրել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Մեր այն հարցին, թե հարկ եղած դեպքում մարդուն գրիչ առաջարկելը երբվանի՞ց է քծնանք համարվում, Աղազարյանը պատասխանեց. «Գրիչ առաջարկելն, իհարկե, քծնանք չէ, բայց որ հետո հետ չես վերցնում գրիչը, արդեն ինչ-որ իմաստով քծնանք է: Թովմասյանն այդ քայլով փորձել է կոնտակտի մեջ մնալ վարչապետի հետ: Այնինչ սխալվել է, նվերներով կոնտակտ ապահովում էին նախկին իշխանությունների ժամանակ: Նոր արժեհամակարգով մարդիկ են եկել իշխանության, որոնց նման մոտեցում պետք չէ ցույց տալ»:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Աղազարյանն ասաց, որ ինքը կուզի՝ սահմանադրական բարեփոխումները վերաբերեն «սուպերվարչապետական» համակարգին:
«Ես առաջարկել եմ ու էլի կասեմ, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է դառնան քաղաքական ինստիտուտներ, այսինքն՝ նախարարություններ: Այս փոփոխությամբ վարչապետը լայն հնարավորություններ է ունենում այդ ղեկավար պաշտոններում նշանակումներ կատարել՝ առանց կաշկանդվելու ներկա օրենքով, որով հստակ սահմանված է, որ օրինակ՝ ոստիկանապետի պաշտոնում կարող է նշանակվել միայն տվյալ կամ հարակից կառույցում ինչ-որ ժամանակահատված աշխատած գնդապետը: Իմ առաջարկի դեպքում՝ վարչապետը կնշանակի պաշտոնին ու հետագայում էլ պատասխան կտա իր նշանակման համար, իսկ հիմա ինքը կարող է ասել, որ այլընտրանք չունեմ համակարգում աշխատող կադրերի մեջ»,- նշեց նա:
Աղազարյանի պնդմամբ՝ իր առաջարկն ընդունելու երկրորդ դրական կողմն այն կլինի, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն արդեն որպես նախարարություններ կգան ու կպատասխանեն խորհրդարանի հարցերին, ինչպես մյուս նախարարությունները:
«Պառլամենտական վերահսկողությունն ուժեղանում է, սուպերվարչապետությունից գնում ենք ավելի համապետական, պառլամենտական կառավարման»,- ասաց պատգամավորը: