Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15:40-ի սահմաններում 27-ամյա Սերգեյ Դարչինյանը իր վարած Toyota Corolla 096 BB 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի մուտքի մոտ գտնվող կամրջի հարևանությամբ, բախվել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 2 երիտասարդ տղաների անունով տեղադրված հուշաքարին, մասամբ վնասել այն և հայտնվել ձորակում՝ ճահճուտի մեջ։ Վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է Արարատի մարզի հարկային ծառայության պետին: Վերջինս վթարի պահին ավտոմեքենայում չի եղել: