Այս պահին Աջափնյակի ՔԿԱԳ-ում են այն մայրերը, որոնք ծննդաբերել են, սակայն իրենց երեխաներին տարբեր տարիներին ծննդատնից տուն չեն տարել: Մայրերից մեկի` Հայկուհի Խաչատրյանի տեղեկացմամբ` Աջափնյակի ՔԿԱԳ-ում քիչ առաջ կեղծ մատյաններ էին գրում և կնիքում:
«Մենք պատահական մտանք ԶԱԳՍ, որտեղից փաստաթղթեր պիտի վերցնեինք, մեզ պետք էր երեխաներից մեկի փաստաթղթի պատճենը: Տեսանք, որ նոր գրանցամատյաններ են սարքում ու պեչատ են խփում: Տեսանք, որ հին մատյաններից են գրում, զանգեցինք ոստիկանություն, մատյանները գրող կինը արագ թողեց-գնաց: Էդ կնոջը զգուշացրինք, որ ոստիկանություն ենք կանչել, որ սպասի, բայց ամենավերջին բառերով վիրավորեց ու գնաց»,- ասաց Հայկուհի Խաչատրյանը:
Նա չգիտեր` կինը ՔԿԱԳ-ի աշխատակից է, թե` ոչ, բայց մատյանները կնիքելիս նրան են տեսել: Եկած ոստիկանները ծնողներին ուղղորդել են Մաշտոցի բաժանմունք, սակայն նրանք չեն գնացել:
«Ոնց գնանք հիմա, հենց դուրս եկանք, էս մատյանները կվերացնեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ տեղում ընդհարում է եղել ՔԿԱԳ-ի պետի և ծնողների միջև ինչին միջամտել են ոստիկանները:
Լուսանկարում այն կինն է, ով, Հայկուհի Խաչատրյանի պնդմամբ, գրանցամատյաններն էր կեղծում: