19-ամյա Արման Օհանյանին պատերազմի ընթացքում Մեղրիից տեղափոխել էին Արցախ: Մինչև տեղափոխելը, Արմանը զանգել է եղբորը, ասել, որ ընտանիքի անդամներին չհայտնի այդ տեղեկությունը: Արմանի եղբայրը՝ Կարո Օհանյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ եղբոր զանգից հետո հայրիկին ասել է նրա՝ Արցախ տեղափոխվելու մասին:

«Հայրիկիս ասացի ու առանց մի վայրկյան մտածելու՝ գնաց Արմանի մոտ: Միասին են եղել, դիրքեր բարձրանալիս են եղել, երբ ԱԹՍ-ի ձայն են լսել: Հայրս Արմանին ասել է, որ նստի իրենց մեքենան, բայց եղբայրս չի նստել՝ ասելով, որ զինակից ընկերներին մենակ չի թողնի: Եղբայրս ընկերների հետ մնացել է նույն մեքենայում, հայրս ու վաշտի հրամանատարի տեղակալը մեր մեքենայում են եղել: 5 րոպե չանցած՝ դեպքը պատահել է: Արմանենց մեքենայից 1 հոգի  կարողացել է իրեն դուրս նետել ու փրկվել. զույգ եղբայրներից մեկն է եղել: Հայրս ու հրամանատարի տեղակալը ևս ողջ են մնացել»:

Արմանը Մասիս քաղաքից էր: Ավարտել էր Մասիսի գյուղատնտեսական քոլեջը, ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մեկ կիսամյակ սովորել ու եղբոր զորացրվելուց մի քանի օր հետո՝ զորակոչվել բանակ: 

«Շատ ընկերասեր էր, եթե որևէ մեկին ինչ-որ բան դուր չգար, կամ մեկը մյուսից նեղանար՝ ինքն էր հաշտեցնում, չէր թողնում, որ կիսվենք իրարից: Ամեն ինչ անում էր մեր ընկերությունը պահելու համար»,- ասում է Կարոն:

Թեև Կարոն մեծ եղբայրն էր, բայց խորհուրդ տվողի դերում Արմանն է միշտ եղել, այնպես, կարծես, ինքն էր մեծը:

«Կարծես տարբեր մարդիկ լինեինք: Արմանը շատ էր սիրում աշխատել, մինչև բանակ գնալը գումար էր հավաքում, այն նպատակով, որ ծառայի, հետ գա իր հավաքած գումարով ու մեր օգնությամբ՝ մեծ տուն կառուցի, որ եղբայրներով միասին ապրեինք»,- նշում է Կարոն:

Բոլորի կողմից սիրված Արմանի բազում երազանքներն անկատար մնացին...