Հայաստանի անտառների ապօրինի հատումների տարեկան «ստվերային» շրջանառությունը գնահատվում է 30-40 մլն դոլար: Չնայած բնապահպանական հասարակական կազմակերպությունների տասնամյա ահազանգին` հանրապետության հյուսիսում` Լոռու եւ Տավուշի մարզերի անտառներում, շարունակվում են մասսայական անտառհատումները: Անցած տարիների ընթացքում իշխանության տարբեր օղակներ բազմիցս փորձեցին արգելել կամ էլ սահմանափակել անտառհատումները:
 
Սակայն, անարդյունավետ էր եւ՛ անտառային ոստիկանության ստեղծումը, եւ՛ նախարարության ու մարզային բնապահպանական տեսչությունների գործունեությունը: Սղոցվում եւ արտասահման են առաքվում ամենաարժեքավոր ծառատեսակները. Ֆրանսիա` կաղնե տակառատախտակի համար, Իտալիա` գինու տակառների համար, Գերմանիա` «Մերսեդես» մակնիշի մեքենայի ներքին երեսպատման համար, Իսպանիա եւ Արաբական Էմիրաթներ` կահույքի եւ մանրատախտակի համար: Շինափայտի տարեկան շրջանառությունը հանրապետությունում կազմում է 8 մլն դոլար, իսկ վառելափայտինը` գնահատվում եւս 10 մլն դոլար: Անտառտնտեսություններն ունեցած պարտքերը մարելու համար պետք է անարգել վաճառեն անտառները. նրանց հիմնական տնտեսական գործունեությունը փայտի վաճառքն է: Ի վերջո, պարզ չէ անտառտնտեսությունների գոյության նպատակն անտառը պահպանե՞լն է, թե անտառանյութը վաճառելով՝ շահույթ ստանալը եւ հարկեր վճարելը:
 
Անտառնտեսություններում կատարվող ապօրինություններից զատ, գաղտնիք չէ, որ Դիլիջան ազգային պարկի անտառային տարածքները վեց տասնյակից ավելի վարձակալներ ունեն, իսկ սա նշանակում է, որ այս տարածքները փաստացի պատկանում են մի քանի հոգու և վերջիններս կարող են օգտագործել դրանք՝ ինչպես կցանկանան: Նշենք, որ այդ տարածքների մի մասը չի օգտագործում, մյուս մասը՝ կառուցապատում է իրականացրել: Վարձակալների թվում էին ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, «Օպելա» ՍՊԸ-ն, որը 2006թ․ հուլիսի 4-ին պայմանագիր է կնքել «Դիլիջան» ազգային պարկի հետ և 3,7 հա անտառային տարածք վարձակալել 25 տարի ժամկետով։ Դրա դիմաց ընկերությունը տարեկան վճարում է 674 հազար դրամ։ «Օպելա» ՍՊԸ-ն էլ հանրությանը հայտնի օֆշորային գործի (նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և գործարար Փայլակ Հայրապետյանի) հերոսներից մեկի՝ Փայլակ Հայրապետյանի որդունն է։ Ավելի ստույգ՝ Հայրապետ Հայրապետյանն ու նրա գործընկեր Արմեն Քեհեյանը հավասարապես կիսում են ընկերության բաժնեմասը։ ՍՊԸ սեփականատերը, ըստ պետռեգիստրի, կայքի, սակայն, այլ անձ է:
 
 
Վայոց ձորի անտառտնտեսությունից անտառային հող վարձակալել է «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն: Ընկերությանը 2.2 հա տարածք է տրվել 2007 թ. որպես սերվիտուտ փոքր հէկ-ի համար: Դրա դիմաց «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն վճարում է 120 հազար դրամ տարեկան վարձավճար: «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի 80 տոկոս բաժնետերը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է՝ Էդուարդ Հարությունյանը: Սակայն, համաձայն պետռեգիստրի, ՍՊԸ սեփականատեր նշված է այլ անձ:
 
 
Ջերմուկի անտառտնտեսության վարձակալներից է «Արսքար» ՍՊԸ-ն է: «Արսքար» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի եղբորը` Անաստաս Արսենյանին: