«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության հանքավայրերի շտեմարանի համաձայն՝ Հայաստանում կա 592 հանքավայր, որից 46-ը ոսկու, իսկ 29-ը՝ պղինձ-մոլիբդենի և երկաթի։ Այս տարիներին, Հայաստանի հանքարդյունաբերության սեփականաշնորհման ընթացքում տեղի ունեցած մութ եւ ստվերային գործարքները եթե երբեւէ ամբողջությամբ բացահայտվեն, ապա դրանց հիման վրա բազմահատորանոց աշխատություններ կարելի է գրել, թե ինչպես մի խումբ պաշտոնյաների հաջողվեց թալանել պետության ունեցվածքը եւ դառնալ միլիոնատերեր, ոմանք՝ նույնիսկ միլիարդատեր: Այդ բարեկեցությանը հասնելու համար՝ Հայաստանի բնական հարստությունը փաստացի մսխվում է ամենաայլանդակ մեթոդներով. երկիրն անապատանում է, տեղահանման վտանգի տակ են ամբողջական բնակավայրեր՝ Հրազդանը, Թեղուտը, Քաջարանը, բնական պաշարների ոլորտը վեր է ածվել ստվերի, կոռուպցիայի եւ մարդկային ամենաայլանդակ դրսեւորումների «կենտրոնի»:
 
Սա ամենաստվերային ոլորտն է, անվերահսկելի ու եկամտաբեր, ինչով և բացատրվում է ոլորտում պատահական մարդկանց չլինելը: Դրանց մեծ մասի սեփականատերերը նախարարներ են, պատգամավորներ, մարզպետներ, այլ պաշտոնյաներ՝ նախկին ու ներկա: Մամուլը տարբեր ժամանակներում ներկայացրել է հանքատեր պաշտոնյաների անունները, առանձնացնենք դրանցից մի քանիսը` մինչ այդ նկատելով, որ այդ ընթացքում կարող են եղած լինել հանքատերերի փոփոխություններ և ոլորտի վերաբաշխումներ: Եվ այսպես` հանքատեր պաշտոնյաների ցանկում իր կարևոր տեղն ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը: Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանի «Մեծն Հովնան» ՍՊԸ ն էլ շահագործում է Արարատում ավազի հանքը: Վերջերս «Հայկական ժամանակ» օրաթերթը գրեց, որ Աբրահամյանները վաճառել են Նորամարգի ավազի հանքը: Ըստ թերթի՝ նախկին վարչապետը պատրաստվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում արտադրական ձեռնարկություն հիմնել, ուստի՝ այստեղ ունեցած բիզնեսները վաճառում է: Հանքատեր պաշտոնյաների ցանկի առաջատարներից է Բնապահպանության նախկին նախարարՙ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ով մի շարք հանքավայրերի փաստացի սեփականատեր է: Այդ հանքերը նա ձեռք է բերել Բնապահպանության նախարար աշխատած տարիներին: Ըստ մամուլի հրապարակումների՝ Այվազյանը այդ հանքերի շահագործման նպատակով ներդրումներ չի անում, փոխարենը՝ բավական բարձր գներով վաճառում է, ինչպես, օրինակ, որդու անունով գրանցված Սվարանցի և Հրազդանի երկաթահանքերի բաժնետոմսերի մի մասը, որն Այվազյանները 24 միլիոն դոլարով վաճառեցին չինական Fortune Oil ընկերությանը: Համաձայն տարբեր հրապարակումների՝ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ավազի երկու հանք է շահագործում Եղվարդի ջրամբարի հյուսիսային կողմում: Նախկին ՕԵԿ, ներկայում՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ նույն ջրամբարի հարավ-արևմտյան կողմում:
 
Ցավոք սրտի, Հայաստանի հանքերի վրա աչք ունեն ոչ միայն տեղացի պաշտոնյաները, այլև միջազգային կազմակերպություններ, որոնց մեծ մասը օֆշորային ծագում ունեն: Հայաստանի ոսկու հանքերը, որպես կանոն, շահագործվում են, իսկ ոսկին արտահանվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից, իսկ մյուս մետաղական հանքերը՝ Գերմանիայի կողմից, քանի որ հենց Գերմանիայում են գտնվում այդ մետաղների վերամշակման, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, գործարանները։ Հենց Գերմանիայի օֆշորային գոտի հանդիսացող Լիխտենշտեյնում է գրանցված Թեղուտի հանքավայրը շահագործող «Lydian International ընկերությունը։ «Lydian International»-ը օֆշորային ընկերություն է, այն հանդիսանում է Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող «Գեոթիմ» ՓԲ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ստեղծվել է 2005թ.-ին՝ Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում։ Ամերիկյան «Գլոբալ Գոլդ» հանքարդյունաբերական ընկերությունն էլ իր հերթին՝ ուղղակի այլանդակում է Ապարանի Մելիք գյուղն ու նպատակ ունի հասնելու մինչև Հանքավան, իսկ գերմանական ու կանադական ընկերությունները՝ թունավոր թափոններով՝ ապրելու համար անպիտան են դարձրել գրեթե ամբողջ Սյունիքը: Եվ այս ամենը ֆինանսավորում են Հայաստանի նման պետություններին պարտքային ստրկության մեջ պահող միջազգային ֆինանսական կառույցները։
 
Ի դեպ՝ ֆինանսների մասին: Հանքերի սեփականատերերը պարզապես աչք են փակում հանքերի ենթակառուցվածքների ողբալի վիճակի վրա, չկամենալով թալանված միլիոններից գոնե մի քանի լումա հատկացնել հանքերի շահագործման անվտանգության ապահովմանը: Արդյունքում՝ վերջին 10 տարիներին Հայաստանի հանքավայրերում տեղի է ունեցել դժբախտ պատահարների 41 դեպք, որոնց հետեւանքով մահացել է 22 մարդ, շատերը խեղվել են կամ դարձել անաշխատունակ: Վերջին նմանօրինակ դեպքն արձանագրվեց օրերս «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի 140 հանքի 1-ին տեղամասում, որտեղ փլվածքի հետևանքով մահացել է Ախթալայի 38-ամյա բնակիչ Վրեժ Սահակյանը: Հանքը, ի դեպ, պատկանում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքին՝ այն շահագործում է Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը: «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի 140 հանքի 2-րդ տեղամասում մահվան ելքով տեղի ունեցած վթարը եզակի դեպք չէ Մաքսիմ Հակոբյանի կողմից շահագործվող Շամլուղի փակ հանքերում: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 17-ին Շամլուղի վարչական տարածքում գտնվող 6-րդ փակ հանքում փլուզման հետևանքով 41-ամյա հանքափոր Աղբալ Առաքելյանը մնացել է փլուզման տակ և ստացել է մարմնական ծանր վնասվածքներ: Վերջինս աչքի էր ընկել դեռևս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ղեկավարելու տարիներին: Դեռևս այն ժամանակ ՀՀ ՄԻՊ-ը իր զեկույցում անդրադարձել էր հանքերում արաձանագրված խախտումներին, մահվան դեպքերի հաճախականությանը:
 
Ընդամենը մեկ ու կես միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար հանքերում դժբախտ դեպքերն ու մահվան ցուցանիշներն, ինչ խոսք՝ մտահոգիչ են: Ժողովրդի սեփականությունը հանդիսացող ընդերքի հաշվին միլիոններ դիզած հանքատերերը ոչ միայն պետբյուջե մուտքեր չեն ապահովում՝ ստացված ողջ հասույթը դնելով սեփական գրպանը, այլև վտանգում են սեփական աշխատակիցների կյանքը, աշխատակիցների, որոնք ամենօրյա չարքաշ աշխատանքով օրվա հացն են հայթայթում, գրեթե անմարդկային պայմաններում: Ի վերջո, այս իրավիճակին պետք է համարժեք լուծում տրվի: 
 
Ստելլա Խաչատրյան