Ի ծնե առողջական խնդիրներ ունեցող Ալբերտ Շառոյանին զորակոչել են բանակ՝ առանց հաշվի առնելու նրա մոտ առկա խնդիրները։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց զինծառայողի քույրը՝ Կիմա Շառոյանը՝ նշելով, որ եղբորը բանակ են զորակոչել Աշտարակի զինկոմիսարիատից:
Նա ասաց, որ իրենք Կրասնոդարից են եկել՝ հույս ունենալով, որ խնդրին լուծում կտրվի. «Եղբայրս ի ծնե առողջական խնդիրներ է ունեցել՝ ձախ ոտքի դեֆորմացիա, հարթաթաթություն, ոտքերը իրարից 1 սմ երկար ու կարճ են, բայց բժշկական հանձնաժողովը չի տեսել խնդիր ու բանակ են զորակոչել»,- նշեց Կիմա Շառոյանը։
Նրա խոսքով՝ իր երբայրն ի վիճակի չէ զինվորական ծառայության․ «Ինչ զորացրվել է, բուժկետում է, բացի ցավազրկողից ոչինչ չեն անում, վիճակը շատ լուրջ է: Փետրվարի 8-ին՝ երդման օրը, բոլոր զինվորները ոտքով են եկել, իսկ իրեն մեքենայով են բերել»,- նշեց նա։
Զինծառայողի քույրն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ առողջական խնդիրներ ունեցող տղաներին այսօր էլ կարող են զորակոչել ծառայության․ «Ծառայության է անցել ԼՂՀ-ում։ Ի ծնե ունեցել է ոտքի խնդիր, սակայն հետազոտությունների ընթացքում «հայտարարել» են, որ պիտանի է ծառայության։ Այս վիճակով պիտանի՞ է ծառայության, թողնում եմ ձեր դատին։ Մինչև օրս ոչ մի անգամ ի վիճակի չի եղել կատարել ֆիզիկական վարժություններ։ Ոչ ոք չի փորձում օր առաջ լուծում տալ այս հարցին, փոխարենը ուղարկում են բուժկետ, որտեղ էլ շարունակ ցավազրկողներ են ներարկել, որը որևէ օգուտ չի կարող տալ»,- պատմում է զինծառայողի քույրը։
Թեմայի վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս, ես հասկանում եմ, որ մենք հաճախ էմոցիոնալ ենք մոտենում հարցերին, եթե մեր երեխան, ըստ մեզ, խնդիր ունի, ապա բոլորը սխալ են, բայց ՀՀ առողջապահության համապատասխան մասնագետների վրա կասկածել պետք չէ։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը տվյալ զինծառայողին ճանաչել է պիտանի՝ գործելով լրիվ օրենքի սահմաններում։ ՀՀ կառավարության 2018 ապրիլի 13 ի 404 Ն որոշման համաձայն՝ 43 գ հոդվածով նա պիտանի է ծառայության։ Հորդորում եմ զերծ մնալ չհիմնավորված տեղեկությունների տարածումից և չարատավորել ՀՀ ԶՈՒ-երի համբավը»: