Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2013թ. հունվարին լրատվամիջոցներից տեղեկացել էր, որ Հայկ Զաքարյանին դեկտեմբերի 29-ին զորակոչել են բանակ' հաշվի չառնելով նրա առողջական ծանր վիճակը և տվյալ հանգամանքը հավաստող բժշկական փաստաթղթերը:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն' Հայկ Զաքարյանին առողջական ծանր վիճակի պատճառով տրվել էր տարկետում' 3 տարի ժամկետով:
Նկատի ունենալով խնդրի կարևությունը' Պաշտպանը դիմել էր ՀՀ Պաշտպանության նախարարին' խնդրելով մանրակրկիտ բժշկական նոր հետազոտում անցկացնել Հայկ Զաքարյանի զինվորական ծառայության պիտանելիության հարցը վերջնականապես որոշելու համար:
Պաշտպանության նախարարը հայտնել էր, որ հունվարի 18-ին Հայկ Զաքարյանը հետազոտման և բուժման նպատակով տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ փետրվարի 20-ին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կազմել է եզրակացություն, համաձայն որի Հայկ Զաքարյանին ճանաչել է' ''պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ, պիտանի է ոչ շարային ծառայության պատերազմի ժամանակ'': Եզրակացությունում նաև նշվել է, որ հիվանդությունը կապված չի եղել զինվորական ծառայության հետ և չէր կարող հայտնաբերվել զորակոչի ընթացքում:
Նշենք նաև, որ բժշկական հանձնաժողովների գործունեության արդյունավետության բարձրացման և թերացումների վերաբերյալ խնդիրը մշտապես գտնվում է Պաշտպանի ուշադրության կենտրոնում: