ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ բացվել է Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շարունակվում են փակ մնալ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը: Փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ Գորիս քաղաքի կողմից կուտակված են եղել 58 տրանսպորտային միջոց՝ 8 մարդատար և 50 բեռնատար, իսկ Սիսյան քաղաքի կողմից՝ 125 տրանսպորտային միջոց, որից՝ 6 ավտոբուս, 84 բեռնատար և 35 մարդատար: Վեց ավտոբուսի ուղևորները եղել են Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ՝ թվով 64 մարդ, որոնք տեղափոխվել են մոտակա հյուրանոցային համալիր:
Արտակարգ իրավիճակների նախարարության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը ավտոճանապարհներին, ԱԻՆ փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով:
ԱԻՆ-ը կրկին հորդորում է պահպանել զգուշություն ու շարունակել երթևեկությունը միայն եղանակային պայմանների բարելավումից և ավտոճանապարհների անցանելի դառնալուց հետո: