2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով Երեւան քաղաքի Արցախի եւ Արին Բերդ փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ եւ մեկ ծալովի դանակ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված 100 հատ դեղապատիճներում առկա սպիտակ գույնի փոշենման զանգվածներն իրենց մեջ պարունակում են «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի
(Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով:
Արտաշատ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ ձեռք բերելու եւ իրացնելու կասկածանքով:
Կատարվում են մեծածավալ եւ անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ նշված դեղահաբերի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: