«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանում լրագրողների դեմ դատական հայցերի աճի կապակցությամբ:
Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցը տարածած հայտարարությամբ, մասնավորապես, նշում է 1in.am լրատվական կայքի լրագրող Սոնա Հարությունյանի դեպքը, որը դատարանում էր հայտնվել ֆեյսբուքյան իր գրառման համար՝ որում լրագրողը գրել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և News.am լրատվական կայքի միջև կապի մասին։
Դատարանը վճռել էր, որ նա պետք է «մեջբերեր իր աղբյուրը» և «ստուգեր փաստերը», թեև նա պարզապես իր կարծիքն էր հայտնել ոչ պաշտոնական հարթակում:
Կազմակերպությունը մատնանշում է ևս մեկ դեպք՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի նկատմամբ: Իրավապաշտպան կառույցը պնդում է, որ Մանուկյանը նույնպես հետապնդման զոհ է դարձել իր աղբյուրը չբացահայտելու համար, և նրան սպառնում է քրեական հետապնդում։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, վկայակոչելով վիճակագրությունը, նշում է, որ Հայաստանում վերջին չորս տարվա ընթացքում զրպարտության կամ վիրավորանքի մասին հայցերը եռապատկվել են: Ըստ կառույցի՝ լրագրողների և լրատվամիջոցների դեմ հիմնականում դատական հայցեր են ներկայացնում քաղաքական գործիչները, գործարարները։