Այսօր առավոտից ռուսական մամուլում հակահայկական նյութեր են. անդրադառնում են Խոջալուի դեպքերին՝ ներկայացնելով միայն ադրբեջանական կողմի շահերը: Սա, բնականաբար, Ադրբեջանի հետևողական քաղաքականության արդյունքն է: Թե ինչու այսպես ստացվեց և որն էր հայկական կողմի թերացումը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել ադրբեջանական հարցերով փորձագետ, «Khojalu.net» կայքի հիմնադիր Արմինե Ադիբեկյանից:

 

«Առհասարակ, շատ բնական է, երբ մի կողմը ոչինչ չի անում և անգործության է մատնվել, ապա, բնականաբար, այդ ազատ տարածությունը զբաղեցնում է հակառակորդը: Այսինքն՝ Խոջալուի հարցով հայկական կողմը պետք է զբաղվեր, մտածեր այդ մասին, դեռ, ամռանից»,-ասաց նա:

Ադիբեկյանը նշեց, որ հայկական կողմը ամբողջ դաշտը  այնպես պետք է կարգավորեր, որ այսօր ադրբեջանական կողմը ոչ մի հնարավորություն չունենար որևէ հակահայկական նյութ, հոդված տպելու:

«Դա շատ ծանր, մանրակրկիտ  ու նաև աննկատ աշխատանք է, որը շատ կարևոր է: Ուզում եմ շեշտել, որ այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե ադրբեջանական կողմի հաղթանակն է, այլ՝ հայկական կողմի պարտությունը, զուտ իր անգործության պատճառով»,-ընդգծեց Ադիբեկյանը:

 

Փորձագետի դիտարկմամբ, նախորդ տարիներին հայկական կողմը ավելի հարձակողական է եղել. «Ավելին՝ լրատվական կայքերի արխիվներում կան հասանելի տվյալներ, թե ադրբեջանական կողմին քանի հոդված է  հաջողվել տպագրել և քանի պատասխան-հերքում է տպագրվել հայկական կողմից: Այդ ամենը, առնվազն, բալանսավորված էր, իսկ ավելի հաճախ՝ ադրբեջանցիները չէին կարողանում մուտք գործել լուրջ հարթակներ և լուրջ լրատվամիջոցներում ադրբեջանամետ նյութեր տպագրել:  

Անդրադառնալով հետևանքներին՝ նա նշեց, որ այդ դեպքերը Ադրբեջանը կարող է անվանել՝ ինչ ցանկանա, օրինակ՝ ցեղասպանություն, ինչպես որ, անում է հիմա:

«Նման փաստերը հաստատվում են դատարանով, եթե նրանք վստահ են, որ ցեղասպանություն է տեղի ունեցել՝ միջազգային դատարանները դռները բաց նրանց են սպասում: Թող դիմեն: Եթե դիմեն, ապա ու՞մ են մեղադրող հայտարարելու, ՀՀ-ի՞ն, այդ դեպքում նրանք պետք է հիմնավորեն և ապացուցեն, որ Հայաստանի բանակը մասնակից է եղել  այդ գործընթացին: Անգամ նրանց աղբյուրները 2 մասնակից են նշում՝ Արցախի պաշտպանական ջոկատներն և ռուսական 366-երդ գունդը: Միգուցե նրանք ուզում են Ռուսաստանի՞ն դատի տալ»,-ասաց Ադիբեկյանը: 

Ռուսական կայքերում թողարկված հոդվածներից մի քանիսին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ Дни.руАргументы неделиBBC News Русская служба.