Ադրբեջանցու մեկնաբանությամբ ՀՀ ԱԱԾ-ին ծաղրող տեսանյութը մոնտաժված է և մոտ երկու տարի առաջ է You Tube –ում հայտնվել, այն էլ' այլ անձի մեկնաբանությամբ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը:

«Հավաստիացնում եմ, որ ԱԱԾ-ն անում է ամեն ինչ, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան։ Ցանկացած տեսանյութ մենք հիմա էլ կարող ենք տեղադրել, ձայնը կտրել և մեկնաբանել որպես, օրինակ, ադրբեջանցի, այսինքն՝ դա սարքած, մոնտաժված և իրականությանը չհամապատասխանող տեսանյութ է եղել, բայց դրա վերաբերյալ մենք մեր եզրակացությունը կտանք»:

Խոսելով Դիանա Հարությունյան կեղծ օգտատիրոջ մասին՝ Մարտիրոսյանն ասաց, որ քրեական գործ է հարուցված:

«Ասեմ, որ պետք չէ միայն կենտրոնանալ այդ օգտատիրոջ վրա, վերջերս մենք լուսաբանել ենք, որ քրեական գործ է հարուցվել մյուս կեղծ էջերի նկատմամբ և նախաքննությունը շարունակվում է: Այն կեղծ օգտատերերը, որոնք Ազգային անվտանգության համար սպառնալիք կհանդիսանան՝ կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության։ Նմանատիպ դեպքերը շատ են, որոնց այս վերջերս ավելացել է ևս երեքը»։

Մարտիրոսյանն, անդրադառնալով համակարգում կադրային փոփոխություններին, ասաց, որ դրանք կշարունակվեն, բայց կադրային ջարդ չի լինի:

«ԱԱԾ-ն այն կառույցն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ այն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքները»։


Նոր պաշտոնյաների ձերբակալությունների սպասենք հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանն ասաց․ «Եղել են ձերբակալություններ և կլինեն իհարկե, դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է ԱԱԾ-ում։ Կան բազմաթիվ նոր գործեր, որոնք քննվում են թե՛ մեր քննչական դեպարտամենտում, թե՛ ՀՔԾ-ում և թե՛ Քննչական կոմիտեում։ Այդ շրջանակը քննությամբ ընդլայնվում է և կլինեն աղմկահարույց դեպքեր, ինչպիսին էին, օրինակ՝ Վերմիշյանի և Լոռեցյանի դեպքերը»։