2008 թվականի այս օրը վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:
Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով մեծ թվով մարդիկ ձերբակալվեցին և կալանավորվեցին։
Նշենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Որպես վկա հարցաքննվել են ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: