Կորոնավիրուսի ֆոնին դեֆիցիտի վախի պատճառով ֆրանսիացիները սկսել են մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության իրեր գնել: Խանութներից անհետանում են մակարոնեղենը, բրինձը, բուսական յուղը, զուգարանի թուղթը, հայտնում է BFMTV-ն: Ավելին, սուպերմարկետների ցանցերը հավաստիացնում են, որ դեֆիցիտի վտանգ չկա:
Վերջին օրերին մակարոնեղենի վաճառքն աճել է 60 տոկոսով, բրինձինը եւ ալյուրինը' 20 տոկոսով: Ֆրանսիացիները նաեւ հիգիենայի ապրանքների պաշարներ են հավաքում: Շատ սուպերմարկետներից արդեն անհետացել են զուգարանի թուղթն ու անձեռոցիկները: Սա տեղի է ունենում ամբողջ Ֆրանսիայում, ոչ միայն' այն շրջաններում, որտեղ վարակման դեպքեր են գրանցվել, հայտնում է RFI-ն:
Հատուկ պահանջարկ ունեն ձեռքերի հակաբակտերիալ գելերը: Փարիզի դեղատներում եւ սուպերմարկետներում այն գրեթե հնարավոր չէ գտնել: Ավելին, այս ապրանքատեսակի գինը կտրուկ բարձրացել է: Առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հորդորել է չբարձրացնել ապրանքների գները եւ հավաստիացրել է, որ դեֆիցիտի վտանգ չկա: Հակաբակտերիալ գելի ֆրանսիական արտադրողներից մեկը' Batteur խումբը, հայտնել է, որ ապրանքի պատվերները եռապատկվել են:
Վերջին տվյալներով' Ֆրանսիայում կորոնավիրուսի 191 դեպք է հայտնաբերվել: Նոր վիրուսով վարակված հարյուր մարդ դեռ հիվանդանոցներում է, նրանցից շատերը մեկուսացված են: Մի քանի հիվանդի վիճակը գնահատվում է ծանր: Ֆրանսիայում Covid-19 վիրուսի հետեւանքով երեք մահվան դեպք է գրանցվել: