«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդուն՝ Արման Վարդանյանին, եւ հարեւանությամբ բնակվող անձին մեղադրանք է առաջադրվել։ Նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Նա ասաց, որ եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել առևանգման համար, իսկ մյուս անձին՝ կողոպուտի:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել էին Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։
Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն և 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարևանը:
Ոստիկանության աշխատակիցների կողմից տների խուզարկությունը շարունակվում է նաև երեկ։ Քննիչները Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին ու Լուսինե Սահակյանին ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։