Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
«Մարտի 3-ին Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան' Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նաև քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին»,- նշեցին ՀՔԾ-ից:
Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել եւ 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Այն ժամանակ ՀՔԾ-ն երաշխավորներին հայտնել էր, որ իրենց պարտականությունները չկատարելը հանգեցնում է պատասխանատվության։ Քննիչը որոշում է կայացրել Ֆանարջյանի եւ Վահրամ Քահան Մելիքյանի վճարած 30 միլիոն դրամը պետական եկամուտ դարձնելու մասին, ինչը մեր զրույցում հաստատեց Մարինա Օհանջանյանը:
Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: ՀՔԾ-ն Մայրապետյանին թույլատրել էր արտերկիր մեկնել 2019 թվականի հունվարից: