Ինչպես արդեն տեղեկացրել ենք' «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատան բաժնի վարիչ Վարդան Ռափյանը հաստատեց տեղեկությունը․ «Ներարգանդային պտղի մահվան պատճառը ընկերքի մեկ կենտրոնական շերտազատումն է։ Քանի որ ուղիները պատրաստ չեն եղել ծննդաբերելու' մոր կյանքը չվտանգելու համար արվել է կեսարյան հատում և երեխան դուրս է հանվել։ Մոր վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, արգանդը պահպանված է»,- նշեց նա։
Անդրադառնալով հարազատների պնդումներին, թե մեղավորը բժիշկներն են, Ռափյանը վստահեցրեց՝ բժիշկների մեղավորությունը չկա, քանի որ պատճառը առաջացած բարդությունն է եղել․ «Հարազատները կարող են նշել, բայց բժշկի մեղքով չի եղել։ Անկանխատեսելի հիվանդություն է և մանկաբարձության մեջ ամենավտանգավոր բարդությունն է, երբ ընկերքը ժամանակից շուտ է անջատվում։ Դա ոչ մեկի կամքով կամ միջամտությամբ չի կարող լինել»,- ասաց ծննդատան բաժնի վարիչը։
Նրա խոսքով՝ ծննդկանի կյանքին ևս վտանգ է սպառնացել, բայց արագ միջամտության հետևանքով նրա վիճակն այժմ գնահատվում է նորմալ։
Նշենք, որ երեկ՝ մարտի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում բժիշկները ծննդաբերության ժամանակ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Գայանե Մագդեսյանին հայտնել են, որ պտուղը մահացած է: Գայանե Մագդեսյանը եղել է 35 շաբաթական հղիության մեջ։ Ծննդկանի հարազատները պտղի մահացության մեջ մեղադրում են բժշկին:
Սոնա Հարությունյան