Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդրոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Օձուն գյուղի բնակիչ, 26-ամյա Արթուր Գ.-ն է, ով իրավապահներին հայտնել է, որ Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի հրապարակում լսել է պայթյուն, այնուհետև ազդրի շրջանում ցավ է զգացել:

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության հանգամանքները, հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: