Էջմիածնի թիվ 2 դպրոցում երեխաների հաճախելիությունը զգալիորեն նվազել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին դպրոցից:

«Առավոտյան խուճապ էր: Նախ երեխաները շատ քիչ եկան, իսկ ավելու ուշ արդեն ծնողները եկան ու երեխաներին տարան: Դպրոց եկել էին հիմնականում այն երեխաները, ովքեր չէին իմացել, թե ինչ է պատահել»,-ասաց դպրոցի գործավար Նարինե Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ, ընդամենը, 3 դասաժամ է եղել. «Այժմ դպրոցում երեխաներ չկան, իսկ վաղվա համար դեռ ոչինչ հայտնի չէ: Մենք ոչինչ որոշել չենք կարող, սպասում ենք Կառավարության որոշմանը»:

Թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Սեդա Ներսիսյանը մեզ հայտնեց, որ իրենց դպրոցում ևս կան զգալի բացակայություններ. «Այսօր բացակայությունները ավելի էին, քան նախկինում: Անվտանգության բոլոր միջոցառումներն իրականցնում ենք: Ամեն ինչ ախտահանվում է, ըստ պատշաճի՝ իրականացվում: Տարրական դասարանի դասերը ավարտվել են: Ի դեպ, կային երեխաներ, ովքեր մինչև վերջ ներկա էին դասապրոցեսին, բայց հիմնականում՝ կամ չէին եկել, կամ ծնողները ընթացքում տարան»:

Տնօրենը նշեց, որ մեր զրույցի պահին կան աշակերտներ, ովքեր դեռ դպրոցում են:

Դիտարկմանը, թե ծնողները չեն դժգոհում, որ դասապրոցեսը չի ընդհատվում, Ներսիսյանը նշեց, որ նման դեպքեր ևս եղել են. «Մենք սպասում ենք հրահանգների, դեռ չգիտենք, թե վաղը ինչ կլինի»:

Նշենք, որ ավելի վաղ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնել էր, որ մանկապարտեզն ու դպրոցները չեն փակվելու և շարունակելու են բնականոն աշխատել: Մեկ շաբաթով փակվելու է միայն սպորտ դպրոցը: