Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ օրեր առաջ «Վիվա-ՄՏՍ»-ը հայտարարություն տարածեց, որ կուտակված և չվճարված պարտքերի պատճառով կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ս.թ. ապրիլի 16-ը: Չնայած սրան՝ ԼՈՒՐԵՐ.com-ի աշխատակցի օրինակով պարզ դարձավ, որ վճարում չկատարելու արդյունքում՝ չի կարողանում օգտվել որևէ ծառայությունից:

 

Երեկ մեր աշխատակցի քարտի վճարման վերջին օրն էր, սակայն վճարում չկատարելու հետևանքով նա չէր կարողանում զանգեր կատարել, միայն զանգեր էր ստանում: Հայտարարությունից տպավորություն էր, թե խոսքը բոլորին է վերաբերում, այնինչ՝ այդպես չէ:

Ընդգծենք, որ  թեև վճարման օրն էր, սակայն սակագնային պլանով սահմանված լիմիտը չէր ավարտվել:

 

Ստացվում է՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հայտարարությունը թյուրիմացություն է առաջացնում հաճախորդների մոտ, պարզվում է՝ «ծառայությունները չեն կասեցվի» արտահայտությունը ոչ բոլորի համար է, այնպես որ՝ անակնկալներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին կատարել վճարումները:

 
 
 

Մեզ հետ զրույցում «Վիվա-ՄՏՍ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահե Իսահակյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ հետվճարային, թե կանխավճարային քարտի մասին է խոսքը. «Հայտարարությունը կանխավճարայինին չի վերաբերում: Էական նշանակություն ունի հասկանալ՝ քաղաքացին գերազանցե՞լ է լիմիտը, թե՞ ոչ: Օրինակ՝ 7500 դրամանոց փաթեթի դեպքում՝ (Խմբ.- մեր բերած օրինակի դեպքում) լիմիտ գերազանցելիս՝ դա ոչ թե պարտքի կուտակում է համարվում, այլ՝ լիմիտի գերազանցում: Եթե լիմիտը լրանալիս՝ չանջատվի, հաճախորդը գուցե բողոքի, թե ինչու լիմիտը լրանալիս՝ չի անջատվել, և ինքը ստիպված է եղել ավել խոսել և պարտք կուտակել: Այսինքն՝ մենք անջատում ենք ոչ թե նրա համար, որ պարտք է կուտակվում, այլ նրա համար, որ հաճախորդն է խնդրել իր լիմիտը լրանալիս՝ անջատել»,- ասաց Իսահակյանը:

 

Նա նշեց, որ ընկերության հայտարարությունը վերաբերում է պարտքի կուտակմանը, սակայն չի վերաբերում լիմիտն անցնելու դեպքերին: