Հայկական միասնական տեղեկատվալան կենտրոնը ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Հաշվի առնելով, որ 2020 թ.-ի մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը մի շարք հարցեր է առաջացրել տվյալ իրավիճակում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առկա բացերի լրացման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ, տեղեկացնում ենք.
Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
✅ոչ աշխատողի մեղքով պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն՝ արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը.
✅պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին՝ նրա գրավոր համաձայնությամբ, փոխադրելու ցանկացած այլ աշխատանքի` հաշվի առնելով աշխատողի մասնագիտությունը, որակավորումը և առողջական վիճակը: Աշխատողի համաձայնությամբ՝ նա կարող է փոխադրվել նաև այլ աշխատանքի` առանց հաշվի առնելու նրա մասնագիտությունը և որակավորումը:
Մյուս կողմից, Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել՝ առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:
Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով:
Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցուցաբերել մեկ միասնական մոտեցում՝ ապագայում հնարավոր աշխատանքային վեճերից խուսափելու և խնդիրները դատական կարգով չլուծելու համար:
Այս և ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելու հանգամանքով պայմանավորված՝ Աշխատանքային օրենսգրքի մի շարք այլ կարգավորումներում ևս որոշակի լրացումներ կատարելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և հրատապ ռեժիմով շրջանառության է դրվել Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծ: Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝
✅հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, աշխատողներին չհամարել պարապուրդի մեջ, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանել.
✅հեռավար եղանակով աշխատանքերի կազմակերպումը և աշխատանքի ու հանգստի ռեժիմի փոփոխությունը չհամարել աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ավելի ճկուն և նախապես չծանուցել այդ փոփոխությունների մասին.
✅այն դեպքերում, երբ մասնավոր ոլորտի գործատուն, արտակարգ դրությամբ պայմանավորված, չկարողանա այլևս աշխատանքները շարունակել, այդ թվում հեռավար եղանակով, այնուամենայնիվ շարունակի վարձատրել աշխատողին՝ չաշխատած յուրաքանչյուր ժամի համար՝ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է․
✅այն դեպքերում, երբ աշխատողն ունի չօգտագործված արձակուրդ, և հնարավոր չէ շարունակել աշխատանքները արտակարգ դրության ժամանակահատվածում, գործատուի համար նախատեսել պարտադիր պահանջ, որ աշխատողի ցանկության դեպքում վերջինիս տրամադրի իր չօգտագործված արձակուրդը․
✅այն դեպքերում, երբ արտակարգ դրությամբ պայմանավորված, աշխատողն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ներկայանալու աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ուշացումով կամ ոչ լրիվ աշխատանքային օրով, արգելել գործատուին իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը կամ կիրառել կարգապահական տույժ։ Այս դեպքերում, նախատեսել վարձատրություն առնվազն աշխատողի փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան
✅այն դեպքերում, երբ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ տրամադրման ժամանակահատվածում, երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով՝ աշխատողը աշխատանքի է ներկայացել ուշացումով կամ ոչ լրիվ աշխատանքային օրով, արգելել գործատուին իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը կամ կիրառել կարգապահական տույժ։ Այս դեպքերում, նախատեսել ամբողջական վարձատրություն։
✅նախատեսել դրույթ, որ արտակարգ դրության ժամանակ արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում կարող է կազմել մինչև 8 ժամ՝ ներկայիս 4-ի փոխարեն։
✅անցումային դրույթներով նախատեսվելու է նաև, որ վերը թվարկված կարգավորումները տարածվելու են գործատուների և աշխատողների վրա սկսած 2020 թվականի մարտի 16-ից, երբ հայտարարվեց արտակարգ դրություն:
Հարկ է նշել, որ Նախագծով ներկայացված մի շարք առաջարկներ բխում են աշխատանքային օրենսգրքի հիմնական սկզբունքներից (3-րդ հոդված), մասնավորապես,
✅յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը,
✅յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր:
Միաժամանակ, անդրադառնալով վերջին օրերին հնչած այն տեսակետին, որ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման մասով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ տնաշխատների՝ աշխատանքի և վարձատրության հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Աշխատանքային օրենսգրքով, մասնավորապես 98-րդ հոդվածով, տեղեկացնում ենք, որ գործող կարգավորմամբ՝ աշխատանքի վայրը համարվում է աշխատանքային պայմանագրի էական պայման, որի փոփոխման դեպքում գործատուն պարտավոր է նախապես ծանուցել աշխատողին կախված նրա ստաժից համապատասխան օր առաջ (Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մաս): Հաշվի առնելով, որ արտակարգ դրության պայմաններում գործատուն պետք է արագ արձագանքի ստեղծված մարտահրավերներին և հնարավորության դեպքում աշխատանքները կազմակերպի հեռավար եղանակով, նախագծով առաջարկվում է, որ այս իրավիճակում հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքի վայրի փոփոխություն:
Ինչ վերաբերվում է հեռավար աշխատանքի՝ Աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորված լինելուն, ապա նշենք, որ այդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ ի սկզբանե, աշխատանքի բնույթից ելնելով, գործատուի և աշխատողի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր աշխատանքները տանից կատարելու վերաբերյալ:
Արտակարգ դրության պայմաններում ոչ թե կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ աշխատանքները հեռավար իրականացնելու համար, այլ ուղղակի փոփոխվում է աշխատանքի վայրը: Հետևաբար՝ ճիշտ չէ որևէ կերպ նույնականացնել տնաշխատների համար նախատեսված կարգավորումը՝ հեռավար եղանակով աշխատանք կատարելու կարգավորման հետ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատողի և գործատուի միջև ծագած խնդիրնեըը իրավասու է լուծելու համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակելու և պարզաբանումներ տրամադրելու շրջանակներում միայն: Նախարարությունը, իր լիազորութունների շրջանակներում, աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերութուններին միջամտելու իրավասություն չունի»: