Ազգային ժողովը քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակն ԱԺ ՀԱԿ խմբակցությունն է: Ներկայացնելով նախագիծը՝ հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանն ընդգծեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության դեպքում կարող են օգտագործվել միայն ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները: «Բնական, տարերային ու տեխնոգեն աղետների արդյունքում արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության պետական լիազոր մարմնի մարդկային ռեսուրսը, տեխնիկան ու տրանսպորտային միջոցները՝ բացառապես առանց զենքի ու զինամթերքի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը:

 

Ջհանգիրյանի կարծիքով` գործող օրենքում կան մի շարք դրույթներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը: ՀՀ Սահմանադրությունը պարունակում է մի շարք նորմեր, որոնք հատուկ սահմանում են զինված ուժերի խնդիրները, ՀՀ նախագահի կողմից դրանց գործադրման հիմքերն ու պայմանները: Պատգամավորն առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով հանրապետության Նախագահի հրամանագրով արտակարգ դրության ռեժիմի ապահովումը դրվում է պետական կառավարման մարմինների վրա:

 

Ջհանգիրյանը նաև անդրադարձավ պարետային ժամի կանոնները խախտած անձանց բերման ենթարկելու կարգում առաջարկվող փոփոխություններին՝ ընդգծելով, որ պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են բերման ենթարկվելու՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից: Բերման ենթարկված անձինք, նրանց մոտ եղած առարկաները և տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության: Բերման ենթարկելու մասին որոշումները ֆիզիկական անձը կարող է վիճարկել դատական կամ վարչական կարգով:

 

«Արտակարգ դրության ժամանակ պարետային ժամի կանոնները խախտելն օրենսդիրը դասել է վարչական իրավախախտումների թվին, որպես պատասխանատվության միջոց սահմանելով տուգանքը: Ընդ որում, վարչական իրավախախտման տեսակները և դրանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները սահմանված են միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Մինչդեռ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով պարետային ժամի կանոնները խախտելու համար նախատեսված է ձերբակալում»,- նկատեց Ջհանգիրյանը: