Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի՝ ազգությամբ հայ և ռուս քաղաքացիները, փակ սահմանների պայմաններում, չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան: Նրանք մոտ 300 հոգի են: Նախորդ երկու օրերին նրանք բողոքի ակցիա են իրականցրել Վրաստանի դեսպանատան մոտ՝ խնդրելով թույլ տալ սահմանն անցնել: Այսօր ևս նրանք պատրաստվում են ակցիա իրականացնել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մասնակիցներից Վարդան Պալյանը:

«Ցավոք, Ռուսաստանի դեսպանատունը մեզ որևէ կերպ չի օգնում: Միայն առաջարկում են մեր մեքենաները թողնել Հայաստանում: Կայանատեղին անվճար մեզ տրամադրում են և առաջարկում են՝ գնել ինքնաթիռի տոմսեր և գնալ: Սրան մենք համաձայն չենք, նախ, որովհետև թանկ է, բացի այդ՝ մեքենաները չենք ցանկանում թողնել: Պատկերացրեք, կան մարդիկ, ովքեր այդ մեքենաներով են գումար վաստակում»,-ասաց նա:

Պալյանը նշեց, որ միակ հույսը Վրաստանի դեսպանատունն է. «Իրավիճակն ամեն օր փոխվում է: Մենք այստեղ չենք կարող երկար մնալ: Բոլորս ինչ-որ հարցերով ենք եկել ու չենք կարողանում գնալ: Գումարի, կացության խնդիր կա: Պարզապես խնդրում ենք, որպեսզի մեզ, մեր մեքենաներով թույլ տան հեռանալ»:

Նա հավելեց, որ դիմում են գրել՝ Վրաստանի դեսպանին ուղղված. «Ճիշտ է, անձամբ չվերցրեցին նամակը, ասացին, որ արկղում գցենք: Իսկ ռուսական կողմը ձեռնպահ է, անգամ դիմակներ չտվեցին»: