Փետրվարի 26-ից Արցախում մեկնարկել են նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ: Նախագահի թեկնածուները 14-ն են, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը` 12: Այս պահին Արցախում ակտիվ քարոզարշավ է ընթանում, և թեկնածուներն ամեն օր շրջում են տարբեր վայրերում, ներկայացնում իրենց ծրագիրն ու տեսլականը: Դատելով ստեղծված իրավիճակից, հարցումներից՝ կարող ենք փաստել, որ այս պահին ֆավորիտ են համարվում Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը և Աշոտ Ղուլյանը:
 
Թերևս բոլորին հետաքրքրում է, թե ինչ դիրքորոշում ունեն Արցախի նախագահի թեկնածուները ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Մասիս Մայիլյանը, մասնավորապես, հայտարարել է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա: Վերջերս էլ Մայիլյանը մի հետաքրքիր դիտարկում էր արել՝ հայտարարելով, որ կարգավորման սկզբունքները վերանայման կարիք ունեն: Արայիկ Հարությունյանը խնդրի լուծումը չի տեսնում առանց Արցախի բանակցությունների սեղան վերադառնալու, ասել է թե, նրա արտահայտած մոտեցումը ոչնչով չի տարբերվում ՀՀ իշխանությունների առաջ քաշած սկզբունքներից: Աշոտ Ղուլյանի համար խնդրի նվազագույն լուծումը Արցախի անկախությունն է, իսկ առավելագույնը՝ միավորումը ՀՀ-ի հետ: Ինչ վերաբերվում է Վիտալի Բալասանյանին, ապա պետք է նշել, որ այս շրջանում արված նրա բոլոր հայտարարությունների մեխն այն է, որ Արցախը պատրաստ է հակամարտության լուծման ցանկացած սցենարի՝ լինի դա բանակցային ձևաչաչափով, թե պատերազմի դաշտում: Մյուս կողմից՝ Բալասանյանը թեկնածուներից միակն է, ով հայտարարում է, որ բանակցային գործընթացը հետընթաց է ապրել՝ վերադառնալով 1997-ին: Բալասանյանը նաև միակն է թեկնածուներից, ով հայտարարել է, թե իր հաղթանակից հետո ՌԴ և Իրանի հետ մի շարք պայմանագրեր կկնքվեն, քանի որ այս հարցում վերոնշյալ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ 2019-ին ձեռք են բերվել բանավոր համաձայնություններ:
 
Արցախում ընթացող նախընտրական գործընթացների ֆոնին պակաս ուշագրավ չեն նաև դրսից եկող ազդակները: Դրանք հիմնականում վերաբերվում են նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին: Բանն այն է, որ վերջերս տեղեկություն էր տարածվել, թե ՌԴ իշխանությունները որոշում են կայացրել հինգ տարի ժամկետով սահմանափակել Մայիլյանի մուտքը Ռուսաստան: Մայիլյանը՝ ինքը, հերքել է այդ տեղեկատվությունը: Սակայն, անգամ ֆեյք լուրի տեսքով. սա, իհարկե, ակնհայտ մեսիջ էր ՀՀ իշխանություններին, որոնք այդ փուլում բավական ակտիվ պաշտպանում էին Մայիլյանի թեկնածությունը: Ըստ էության՝ ռուսական կողմը հասկացնում էր, որ Արցախում Մայիլյանի հաղթանակը իր համար անցանկալի է: Դրանից հետո Հայաստանի իշխանությունները փորձում են առավել միջնորդավորված աջակցել Մայիլյանին, օրինակ՝ վերջինիս հետ հանդիպման դելեգացնելով ՔՈ կուսակցության ներկայացուցիչներին: Ինչ վերաբերվում է աշխարհաքաղաքական մյուս խոշոր խաղացողին, ապա թվում է, որ արտաքուստ ԱՄՆ-ն որևէ ընդգծված հետաքրքրություն չի դրսևորում Արցախում ընթացող նախընտրական գործընթացների հանդեպ: Սակայն, Արցախ գործուղղված սորոսական դիտորդները սկզբնական շրջանում բավական ակտիվ կերպով իրագործում էին նույն Մայիլյանի լոբբինգը, սակայն, փատենք, որ վերջին շրջանում նրանց ավյունը փոքր-ինչ նվազել է այս հարցում:
 
Ապրիլին ընդառաջ առկա է ևս մեկ ուշագրավ հանգամանք: Քանի որ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են միաժամանակ, բավական հետաքրքիր է պատկերանում ԱԺ ապագա խմբակցությունների իրավիճակը: Այն դեպքում, եթե նախագահական ընտրություններում հաղթելու համար երկրորդ փուլ պահանջվի, պետք է պարզ լինի, որ թիմերից ոչ մեկին չի հաջողվելու ապագա խորհրդարանում տիրանալ մանդատների մեծամասնությանը: Տեսականորեն այդպիսի մեծամասնություն կարելի է ստանալ միայն առաջին փուլում թեկնածուներից մեկի հաղթանակի դեպքում: Բայց ընտրազանգվածի անորոշության բարձր աստիճանը կարող է փոշիացնել ձայները: Այդ դեպքում առանց ապագա խորհրդարանում մեծամասնության կոալիցիա ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածությունների՝ չի ստացվի: Հավանաբար այդ հանգամանքը մի շարք կուսակցությունների զսպում է կազմավորելու նախընտրական դաշինքներ, շատերը հակված են դաշինքներ կազմավորել ընտրություններից հետո: