Կոմունալ վճարումները չկատարելու համար անապահովների համար անջատումներ չեն լինի: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ «ԼՀ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է աջակցել օրավարձով ապրող մարդկանց, որոնք չեն աշխատում ու հետևաբար միջոցներ չունեն կոմունալ վճարումներ անելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տրվող աջակցությունը պետք է լինի հասցեական, հակառակ դեպքում նաև շահում են մարդիկ, ովքեր այդ աջակցության կարիքը չունեն. «Այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, անելու ենք հանրային միջոցներով: Հետո մենք պետք է հաշվետվություն ներկայացնենք, թե ինչպես ենք այդ միջոցները ծախսել: Ինչ վերաբերում է կոմունալ վճարումներին, ապա տեսակետ կա, որ դրանք պետք է հետաձգել: Մարդիկ կան, օրինակ պետական աշխատողները, լավ ապրողները, որոնց կոմունալ վճարումները հետաձգելու իմաստ չկա: Այստեղ ևս պետք է հասցեական որոշումներ լինեն»,- ասաց Փաշինյանը:

 

Նա հայտարարեց, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ անջատումներ չեն լինելու. «Նման պայմանավորվածություն եղել է նաև «Գազպրոմի» հետ»,- նշեց նա՝ կոչ անելով, որ հնարավորություններ ունեցողները չուշացնեն վճարումները, քանի որ դրանով վատ վիճակում են դնում նրանց, ովքեր իրոք չեն կարող վճարել: