Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 2019 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար հարուցված վարչական վարույթներով 53 հայտարարատուի տվյալները: 2020 թվականի փետրվարի 27-ի դրությամբ՝ հարուցված վարույթներից 2-ը կարճվել է դեպքի բացակայության հիմքով: Հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 6-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Ինչ վերաբերում է նախկին հայտարարատու պաշտոնատար անձանց, ապա նրանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 10-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը:
 
Ուշագրավ է , թե ովքեր են Նոր Հայաստանում մատների արանքով նայել օրենքի պահանջին, այն դեպքում, երբ մեզ համոզում էին, որ նոր իրողություններում նման իրավիճակը պետք է բացառված լիներ: Եվ այսպես, վարչական վարույթ է հարուցվել ՊԵԿ Արևմտյան-մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության 4-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ Կամո Հայրապետյանի, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ Սևակ Բադիլյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Լուսինե Առաքելյանի, Թունիսի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի, Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Սամսոն Զատիկյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Արման Հովնյանյանի, ՀՀ ԿԱ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանի, ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Լևոն Գրիգորյանի, ՀՀ-ում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոի  ինֆորմացիայի մշակման եվ վերլուծության բաժնի  պետ Իշխան Բադալյանի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Սամվել Ամիրխանյանի, ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի հերթապահ բաժանմունքի պետ Հարություն Մաշադյանի և մյուսների նկատմամբ:
 
Սա, թերևս, խոսուն վկայությունն է այն փաստի, որ Նոր Հայաստանում էլ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են թերանալ՝ հանրության առաջ հաշվետու լինելու պարտականության մեջ, իսկ թափանցիկությունը կարող է կաղալ, ինչպես կաղում էր նախկին իշխանությունների օրոք…